Սոս ՀԱԿՈԲՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԱՅԼԵՎՍ ՉԹՈՂՆԵՆ ՈՐԵՎԷ ՀԵՌԱՆԿԱՐ՝ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅՈՒՆ
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանի գնահատմամբ՝ Հայաստանն իրավունք չունի որևէ մեկի վրա մատ թափ տալու, այն պարագայում, երբ վերջերս Մոսկվայում կայացած հանդիպմանը լռելյայն վերահաստատեց այն միտքը, ըստ որի, Արցախն Ադրբեջանի կազմում է դրույթին բոլորը համաձայնել են:
Ըստ նրա՝ եթե միջազգային խաղացող ԱՄՆ-ն տեսնում է, որ Հայաստանի ղեկավարը համաձայնում է այդ մտքի հետ, Միացյալ Նահանգներին այդ իրավիճակում մնում է միայն զուտ կոնֆլիկտի լուծման նպատակով շոյելու քայլեր անել:
«Այսինքն՝ եթե դու քո շահերն այդ մակարդակի ես իջեցրել, նույն մակարդակում էլ պետք է գործեն միջազգային խաղացողները: Պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ չունի տարածք տնտեսական գործունեության, ապրանքը մի տեղից այլ տեղ տեղափոխելու համար, քանի որ դրա համար քեզ պետք է թույլ տան, դա նշանակում է, որ քո կենսագործունեությունը միացված է արեստական շնչառության ապարատին, որը հարևանն է որոշելու՝ անջատի կամ միացնի», - «Հայրենի՞ք, թե՞ «կադաստրի թղթով» ցեղասպանություն» թեմայով քննարկման ժամանակ ասել է Սոս Հակոբյանը:
Նա կարծում է, թե մեզ կարող է շուտով պետք գալ ծնողական իրավունքների ճանաչման փաստաթուղթ կամ՝ որդեգրման վկայական, «որովհետև այն իշխանությունները, որոնք ամիսներ առաջ խոսում էին սուվերենությունից հրաժարվելու մասին հայտարարությունները քրեականացնելու մասին, այսօր այդ սուվերենությունից քարը քարին չեն թողել»:
«Ինքնիշխանությունը, սուվերենությունը և, առհասարակ, ապրելու իրավունքը հնարավոր չէ հայտարարություններով ունենալ կամ չունենալ, բայց իրական գործողություններով հնարավոր է այլևս չթողնել որևէ հեռանկար դրանք ունենալու, ինչով էլ զբաղված է այսօրվա իշխանությունը», - հավելել է նա: