Հայտնի է ադրբեջանցու կողմից Սյունիքի մարզում պահնորդի սպանության գործով նիստի օրը

Սյունիքի մարզում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանի սպանության մեջ մեղադրվող, ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովի կողմից սպանելու գործը դատարանում է։

NEWS.am-ը «Դատալեքս» տեղեկատվական հարթակից տեղեկանում է, որ գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոելոն Օհանյանին։ Այն դռնփակ ռեժիմով քննելու որոշում դեռևս կայացված չէ։ Նախնական դատալսումների օր է նշանակվել հունիսի 9-ին՝ ժամը 16.00-ին։

Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին երկու ադրբեջանցի զինծառայողներ հատել էին Հայաստանի պետական սահմանը: Նրանցից մեկը՝ Ագշին Գաբիլի Բաբիրովը, հայտնաբերվել էր Սյունիքի մարզի Աշոտավան համայնքում: Նրան վնասազերծել էին տեղացիները:

Երկրորդ ադրբեջանցին՝ Հուսեյն Ահլիմանի Ախունդովը, հայտնաբերվել էր 3 օր անց՝ Սյունիքի մարզի Աճանան գյուղում: Նրան նույնպես տեղացիներն էին հայտնաբերել ու վնասազերծել:

Դատախազությունը Ագշին Բաբիրովին մեղադրանք է առաջադրել ՔՕ 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահման հատել) և 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգություն), իսկ Հուսեյն Ախունդովին՝ 469-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձնանց կողմից նախնական համաձայնությամբ պետական սահման հատել), 340-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ռազմական նշանակության արտադրանքի, տեխնիկայի, հրազենի կամ այլ նյութերի, սարքերի, առարկաների, ապրանքների մաքսանենգությունը), և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձնաց կողմից նախնական համաձայնությամբ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը):

Հայտնաբերված երկու ադրբեջանցիներն էլ կալանքի տակ են:

Երկրորդ ադրբեջանցու հայտնաբերումից ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Սյունիքում սպանվել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 57-ամյա պահնորդը: NEWS.am-ը հղում անելով իր աղբյուրներին, հաղորդել էր, որ իրավապահները դիտարկում են նաև այդ ադրբեջանցու կողմից սպանություն կատարելու վարկածը:

Ավելի ուշ, աճանանցի երիտասարդները մեզ հետ զրույցում պատմել էին, որ ադրբեջանցու ձեռքին եղել է սպանված պահնորդի հեռախոսը:

Ի վերջո, դատախազությունն ապրիլի 18-ին մեղադրանք առաջադրեց Հուսեյն Ախունդովին նաև պահնորդի սպանության համար։

Ըստ հաղորդագրության՝ ադրբեջանցին իր մոտ ապօրինի պահվող ինքնաձիգից կրակոցներ է արձակել պահնորդի ուղղությամբ, որը մահացել էր: Այնուհետև, Հուսեյն Ախունդովը վերցրել է նրա հեռախոսը, ծխախոտն ու կրակայրիչը, փորձել գործարկել կայանված մեքենայի շարժիչը, սակայն չկարողանալով, դիմել է փախուստի: Ախունդովն այդ հեռախոսով նկարահանել է նաև տեսաուղերձ այն մասին, որ սպանել է հայի: