Արմեն ԱՇՈՏՅԱՆ․ ԻՆՁ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ԲԱՑԱԿԱՅԵԼ ԵՐԿՐԻՑ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՐՑԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ ՉԲԱՐՁՐԱՁԱՅՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հրաժարվում է մեկնաբանել իր հնարավոր ձերբակալության մասին մամուլում տարածված տեղեկությունը։

Հայաստանի Հանրապետության Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում, հայրենիքի ապագայով մտահոգությունների ֆոնին, ինչպես «Փաստինֆո»-ի հետ զրույցում նկատեց Ա.Աշոտյանը, սեփական ճակատագիրը կամ կարիերան երկրորդային են դառնում։

Կրթության նախկին նախարար Արմեն Աշոտյանի նկատմամբ հնարավոր հետապնդում հարուցելու հարցը լայն տարածում ստացավ հատկապես նախորդ տարվա վերջերին, երբ իրավապահները կալանավորեցին բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, 70-ն անց Միքայել Նարիմանյանին՝ դեռևս 2015 թ. համալսարանից խոշոր չափերի ենթադրյալ հափշտակության առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում։ Մամուլի տեղեկություններով՝ Նարիմանյանին արգելանքի վերցնելու հիմնական նպատակն էր՝ ցուցմունք ստանալ Արմեն Աշոտյանի դեմ։ Վերջինիս մեղադրանք առաջադրելու մասին պաշտոնական հայտարարություն առ այս պահը չի եղել, սակայն իրավապահները թույլ չեն տալիս, որ նա մեկնի երկրից։

«Այս գործը հենց ամենասկզբից անհեթեթ էր, ամբողջությամբ քաղաքականացված։ Դրա ապացույցներից մեկն էլ այն է, որ իմ հանդեպ այս պահին կիրառվող խափանման միջոցը երկրից չբացակայելը չարաշահվում է իրավապահ համակարգի կողմից»,- ասաց նա։

ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ այդ չարաշահումները վերաբերում են ոչ միայն վերջին դեպքին։ Վերջին 5 ամիսների ընթացքում ինքը 4 անգամ մերժում է ստեցել՝ արտերկիր մեկնելու հարցում։ Այդ բոլոր այցերի ընթացքում, իր խոսքով, ինքը նախատեսում էր մասնակցել միջազգային խոշոր քաղաքական հավաքների։

«Այսինքն, զրկվել եմ հնարավորությունից՝ բարձրաձայնելու Հայաստանի և Արցախի ժողովրդի իրական օրակարգը, ճշմարտությունը հասցնելու այնտեղ, հանդիպումներ ունենալու եվրոպական և միջազգային գործընկերների հետ։ Այս ամենն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահը»,- ասաց նա։

Արմեն Աշոտյանն իր դեմ կիրառվող խափանման միջոցը գնահատում է որպես խախտում։ Իր խոսքով՝ այդ երևույթն անթույլատրելի է համարվել նաև միջազգային ու եվրոպական կառույցների կողմից։ Այդ քայլերը որակվել են որպես անթույլատրելի չարաշահում՝ քաղաքական մրցակիցների նկատմամբ, և անընդունելի երևույթ՝ ժողովրդավարական հասարակության համար։

Նշենք, որ Արմեն Աշոտյանն օրերս հրավիրված էր Ավստրիա՝ Արցախի հարցով փակ քննարկման, սակայն Աշոտյանի համար ՍԵԿՏ-ը փակել ու թույլ չեն տվել, որ մեկնի ՀՀ-ից, ուստի նրա փոխարեն Հայկ Մամիջանյանին է ՀՀԿ-ն գործուղել։

«Փաստինֆո»