Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր է կիրառել Արցախի ուղղությամբ

Ադրբեջանն այսօր երկրորդ անգամ խախտել է հրադադարի ռեժիմը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կենտրոնական ու արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ Հայկական կողմը կորուստներ չունի»,– ասված է հաղորդագրությունում։

Խախտումների վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին։

Ժամը 21:50-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։

Հիշեցնենք` ադրբեջանական ԶՈւ–ն հրադադարը խախտել էր նաև ժամը 11:00- 17:30-ի սահմաններում։

Sputnik Արմենիա