1975-Ի ՔԱՐՏԵԶԸ. ԻՆՉՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ բանակցություններում խնդիր են դարձել քարտեզները։ Ավելի հստակ` 1975 թվականի քարտեզները։
Դեռ հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քիշնևում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո ասաց, որ Երևանն ու Բաքուն նախնական պայմանավորվել են սահմանազատում իրականացնել` հիմք ընդունելով 1975 թվականի խորհրդային քարտեզները (որոնց պատճենները կան միայն ՌԴ գլխավոր շտաբում)։ Նույն միտքը հունիսի 4-ին կրկնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Հաջորդ օրը` հունիսի 5-ին, Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ 1975 թվականի քարտեզներով սահմանազատում իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Հայտարարությունում նաև նշվում էր, որ Ադրբեջանը մինչ օրս իր որոշ հարևանների հետ բանակցել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող բոլոր փաստաթղթերի վերլուծության և ուսումնասիրման հիման վրա։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի անգամ հրապարակային չի հայտարարել, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29,8 հազար ք/կմ–ի սահմաններում։ Եվ հարց է առաջանում` արդյոք երաշխիքներ կա՞ն, որ սահմանազատման համար կոնկրետ քարտեզից հրաժարվելով, Հայաստանի տարածքը հստակ և միանշանակ ճանաչելու հարցում հապաղելով` Ադրբեջանը չի ուզում տեղ թողնել հետագա էսկալացիաների համար։
Փորձագետները կարծում են, որ Բաքուն փորձում է Երևանից առավելագույն զիջումներ կորզել և խոսելու է ամենատարբեր քարտեզների ու փաստաթղթերի մասին, անկախ նրանից, թե որ թվականով են դրանք թվագրված։
Եթե դեռ մի քանի ամիս առաջ սահմանազատման գործընթացը անկլավների հետ չէր կապվում, ապա այս տարվա մայիսին կայացած ասուլիսի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ իր կողմից ճանաչվող Ադրբեջանի 86,6 հազար ք/կմ–ն ներառում է նաև անկլավները։
Սակայն դեռ 2021 թվականի նոյեմբերին հարցազրույցներից մեկում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ կասկածներ կան քարտեզի վրա նկարված անկլավների իրավական հիմքերի առումով։
«Մեր դիրքորոշումը հետևյալն է՝ մենք պետք է հասկանանք, այդ քարտեզի վրա, որ անկլավ նկարած ա, դա ի վերջո ինչ իրավական հիմք ունի։ Դա իրավական հիմք ունի՞, թե՞ ուղղակի քարտեզի վրա արված ուրվագիծ է և երկու կոլխոզների որոշում։ Մենք խիստ կասկածում ենք, որ դա իրավական հիմք ունի», – ասում էր նա այն ժամանակ։
Ինչո՞ւ 1975 թվականի քարտեզը
Պատասխանելով այն հարցին, թե ինչու է Երևանը հենց այդ քարտեզը պնդում` Հայաստանի Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանը Sputnik Արմենիային ասաց, որ այդ քարտեզն ամենամեծն է իր մասշտաբով` 1:100000։ Այլ կերպ ասած` քարտեզի վրա 1 սմ–ն հավասար է 1 կմ տարածքի։ Սա միակ քարտեզն է նման մասշտաբով և ճշգրտությամբ։.
«Այն, որ ադրբեջանցիները չեն ցանկանում սահմանազատում իրականացնել այդ քարտեզով, խոսում է միայն մի բանի մասին` նրանք չեն ցանկանում հետ քաշվել Հայաստանի ինքնիշխան տարածքից, որը զբաղեցրել են 2021 թվականի մայիսի ներխուժման և 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ», – կարծում է Վիրաբյանը։
Խոսքը Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա գյուղերի տարածքների, Ջերմուկի (Վայոց Ձոր) մոտ գտնվող ընդարձակ հատվածների, ինչպես նաև Սյունիքի Իշխանասար և Ներքին Հանդ գյուղերի տարածքների մասին է։ Եթե սահմանազատում իրականացվի 1975 թվականի քարտեզներով, Ադրբեջանը ստիպված կլինի լքել զբաղեցրած այդ տարածքները։ Մեր զրուցակցի կարծիքով` դա է պատճառը, որ Բաքուն տարատեսակ մանիպուլյացիաների և դեմարշների է դիմում։
Արխիվի նախկին տնօրենը նշում է, որ ԽՍՀՄ տարիներին, երբ բոլորն ապրում էին մի պետությունում, որոշ տարածքներ հաճախ բանավոր որոշումներով էին փոխանցվում, սակայն որևէ տեղ հնարավոր չէ իրավական որոշում գտնել, որն արձանագրում է, թե խոսքը ադրբեջանական տարածքների մասին է։
Ադրբեջանին անկլավների փոխանցման համար իրավական հիմքերի բացակայության մասին ավելի վաղ խոսել է նաև անկախ Հայաստանի առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։ Նրա խոսքով` դրանք դե յուրե հայկական տարածքներ են։
Քաղաքագետ Կարեն Իգիթյանն իր հերթին կարծում է, որ Ադրբեջանը չի ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե ինչ–որ կետ չունենա, ինչը թույլ կտա հետագայում որոշակիորեն լեգետիմացնել Հայաստանի տարածքների դեմ իրականացրած ագրեսիան։ Գուցե դա կլինի փախստականների վերադարձը կամ գուցե այլ կետ։ Ըստ նրա` երկարաժամկետ նպատակը ամենևին էլ խաղաղությունը չէ, այլ Հայաստանին որպես սուբյեկտ վերացնելը։
«Ադրբեջանում Իլհամ Ալիևի թեթև ձեռքով արմատացել է այն միտքը, որը Հայաստան չկա, Հայաստանն անօրինական, հանցագործ կերպով ստեղծվել է Ադրբեջանի պատմական տարածքների վրա։ Դրված է հստակ քաղաքական նպատակ, ըստ որի` Ադրբեջանը պետք է գրավի նաև Երևանը, ինչի մասին մի քանի անգամ հայտարարել է հենց Ալիևը», – նշեց Իգիթյանը։
Այս ամենի ֆոնին փորձագետը պատճառ չի տեսնում, թե ինչու Ադրբեջանը պետք է համաձայնի մի փաստաթղթի, որը նրան զրկում է հետագայում Հայաստանի դեմ ագրեսիան կրկնելու հնարավորությունից: