Ֆրանցիսկոս պապի նվիրակը Կրեմլից Մոսկվա այցելելու համաձայնություն է ստացել
Հռոմի պապի՝ Ուկրաինայի կարգավորման գծով նվիրակ, կարդինալ Մաթեո Ձուպին ստացել է Կրեմլի համաձայնությունը Մոսկվա այցելելու համար, ասել է Ռուսաստանի կաթոլիկ եպիսկոպոսների միաբանության ղեկավար, արքեպիսկոպոս Պաոլո Պեցին Corriere della Sera թերթի հարցազրույցում՝ նշելով, որ չգիտի, թե երբ կկայանա այդ այցը։
«Ինչպես (Վլադիմիր) Զելենսկու, այնպես էլ Կրեմլի կողմից վերջին ժամանակներս բավական բացասական հայտարարություններ եմ կարդացել հնարավոր միջնորդության վերաբերյալ։ Եվ նման իրավիճակում այն, որ Հռոմի պապի նվիրակը մեկնել է Ուկրաինա և «օկ» ստացել Կրեմլից Մոսկվա այցելելու համար, չնայած չգիտեմ երբ, սա նշան է, որը ինքնին չի կարելի թերագնահատել»,- ասել է նա հարցազրույցում։
Խոսելով կարդինալ Ձուպիի Կիև այցելության մասին, որի նպատակը Ուկրաինայի իշխանությունների՝ հակամարտության կարգավորման մասին դիրքորոշմանը ծանոթանալն էր, ռուս կաթոլիկների ղեկավարն ընդգծել է, որ իրեն «շատ կարևոր է թվում այն, որ լսվի նաև Մոսկվայի առաջարկը»։
Արքեպիսկոպոս Պեցիի խոսքով՝ պապի նվիրակի Մոսկվա այցելությունը կկարողանա նաև «օժանդակել երկխոսության վերականգնմանը Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի միջև հանդիպման համար»։
«Ինչ վերաբերում է երկխոսությանը, ապա այստեղ իմ տպավորությունն այնպիսին է, որ երկու եկեղեցիների միջև սառեցում է տեղի ունեցել։ Զատկին ես եղել եմ պատրիարքի մոտ, և տպավորությունս այնպիսին էր, որ կան թերըմբռնման ինչ-որ նշաններ»,- նշել է նա։
Երեքշաբթի կարդինալ Ձուպին ավարտել է երկօրյա այցը Կիև՝ որպես պապի նվիրակ։ Վատիկանն այդ ուղևորությունը բնութագրել է որպես «կարճ, բայց հագեցած»։ Մայր աթոռի հաղորդագրությունում նշվել է, որ Կիևում կայացած բանակցությունների արդյունքները «կներկայացվեն Սուրբ հոր ուշադրությանը և, անկասկած, օգտակար կլինեն այն քայլերի գնահատման համար, որոնք անհրաժեշտ է շարունակել ինչպես հումանիտար մակարդակում, այնպես էլ արդար և ամուր խաղաղության որոնումներում»։
Մայր աթոռը մայիսի 20-ին հայտարարել է, որ Ֆրանցիսկոս պապը հանձնարարել է կարդինալ Ձուպիին իրականացնել «առաքելություն, որը կնպաստի լարվածության թուլացմանն Ուկրաինայի հակամարտությունում, այն հույսով... որ դա կարող է խաղաղության տանող ճանապարհ բացել»։
Ավելի ուշ Վատիկանի պետական քարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինը պարզաբանել էր, որ Ձուպին Հռոմի պապի՝ Ուկրաինայում խաղաղության ուղիների որոնման գծով միակ նվիրակն է։ Նրա խոսքով՝ կարդինալի առաքելությունը պետք է լինի այն, որ «փորձի օգնել հնարավորինս մոտեցնելու կողմերին, ստեղծելու նախապայմաններ, որոշակի բարենպաստ մթնոլորտ» հակամարտության կարգավորման համար։ Պետքարտուղարը նաև նշել է, որ Ձուպիի զրուցակիցներն են լինելու Մոսկվան և Կիևը, բայց այցելությունների ամսաթվերը չի նշել։
News.am