ՌԴ ԱԽ․ ՀԱՊԿ-ն իր անվտանգությունն ապահովելու համար պետք է ավելացնի զորավարժությունների թիվը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները պետք է ավելացնեն տարբեր բնույթի զորավարժությունների քանակը՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար։ Նման կարծիք է հնչել Մինսկում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստում, հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

Միջոցառմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները և դրանց չեզոքացմանն ուղղված միջոցառումները:

«Առանձին ուշադրություն է դարձվել միջազգային ահաբեկչությանը և ծայրահեղականությանը հակազդելու հավաքական միջոցառումների արդյունավետության բարձրացմանը և ՀԱՊԿ անդամ պետությունների հակաահաբեկչական ներուժի ուժեղացմանը։ Խնդիրներ են դրվել ահաբեկչական գործունեությանը մասնակցելու համար ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքացիների հավաքագրման և ելքի ուղիները փակելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հաշվի առնելով ՀԱՊԿ պատասխանատվության գոտիների անմիջական հարևանությամբ ահաբեկչական սպառնալիքների աճը՝ որոշումներ են ընդունվել՝ կապված օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների համալիրի իրականացման հետ: Մասնավորապես, հաստատվել է ՀԱՊԿ մշտական գործող «Վարձկան» տարածաշրջանային հակաահաբեկչական գործողության մասին դրույթը։

«Բացի այդ, որոշվել են ռազմական և միգրացիոն ոլորտներում, ինչպես նաև տեղեկատվական տարածքում համագործակցության ուղղությունները։ Ընդգծվել է ՀԱՊԿ տարբեր մակարդակի զորավարժությունների քանակի ավելացման, «Նելեգալ», «Կանալ» և «Պրոքսի» գործողությունների արդյունավետ իրականացման կարևորությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

News.am