Ստեփան ԴԱՆԻԼՅԱՆ․ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐ Է ԳՆՈՒՄ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադառնալով հայ-ադրբեջանական կարգավորման հարցում ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվությանը՝ հայտարարել էր, որ Դրսից պարտադրված խաղաղության բանաձևերը, որոնք հատկապես արագացված ռեժիմով են առաջ մղվում, երբևէ ոչ մի լավ բանի չեն հանգեցրել.
«Հարցեր են առաջացնում, թե ինչով է պայմանավորված նրանց հանկարծակի մեծ ակտիվությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Նախկինում, առաջին հերթին ԵՄ-ի կողմից, հարավկովկասյան խնդրին առանձնակի հետաքրքրություն ոչ ոք չէր ցուցաբերում»։
Քաղաքագետ Ստեփան Դանիլյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի համար պայքար է գնում Ռուսաստանի և Արևմուտքի միջև.«Ադրբեջանը Կովկասում աշխարհաքաղաքական նշանակություն ունի։ Ադրբեջանը կարող է լինել ճանապարհ Իրանի և ՌԴ-ի միջև, կարող է լինել ՌԴ-ն Իրանից մեկուսացնող տարածք։ Այդ խաղաղության պայմանագրի շուրջ վեճ է գնում՝ արևմտյա՞ն տարբերակով այն կստորագրվի, թե՞ ՌԴ-ի։
Հիմա խնդիրը հետևյալն է. Ալիևը փորձում է առևտուր անել և՛ ՌԴ-ի, և՛ Արևմուտքի հետ։ Ռուսաստանին ասում է՝ տուր ինձ այն, ինչ ես ուզում եմ՝ «Զանգեզուրի միջանցք», Արցախի հայաթափում և այլն, և ես կդառնամ ճանապարհ Իրան-Ռուսաստան երկաթուղու համար, և նաև Հայաստանի միջոցով Ռուսաստան-Թուրքիա ցամաքային կապ կլինի երկաթուղու միջոցով։ Երբ Արևմուտքը դա տեսնում է, սկսում է ինքը ճնշել և Արցախի հարցը բարձրացնել։ Երբ Արևմուտքի տարբերակով են գնում բանակցությունները, որի նպատակը ՌԴ-ին տարածաշրջանից հեռացնելն է, այդ ժամանակ էլ ՌԴ-ն է ակտիվանում։
Խաղը դրա մեջ է։ Հիմա, երբ ՌԴ-ն փորձում է Իրան-Ռուսաստան երկաթուղու հարցը լուծել Ադրբեջանի տարածքով, Արևմուտքն ակտիվացել է, և գնում է Արցախի հայերի իրավունքների խնդիրը։ Այսինքն՝ գնում է սովորական առևտուր»։