Արցախի ՊՆ․ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել տրակտորի ուղղությամբ

Ադրբեջանը 2 ուղղությամբ խախտել է հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Հունիսի 8-ին` ժամը 17:35-20։30-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈւ-ն շփման արևելյան և հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Ժամը 18։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 9–ի ժամը 09։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ–ն էլ երեկ հայտնել էր, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները ժամը 17:00-ին կրակ են բացել Տրետուքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Sputnik Արմենիա