Economist․ ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՐԵՔ ՏԱՐԲԵՐԱԿ Է ՏԵՍՆՈՒՄ
Արևմտյան վերլուծաբաններն ու պաշտոնյաներն Ուկրաինայում պատերազմի զարգացման երեք հիմնական սցենար են տեսնում Ուկրաինայի Զինված ուժերի հակահարձակումից հետո։ Այս մասին ասվում է Economist-ի անդրադարձում, որը վկայակոչում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Դրանցից առաջինի համաձայն՝ Ուկրաինան մեծ բեկում է կատարում՝ վերադարձնելով երկրի արևելքում գտնվող տարածքների զգալի մասը և, թերևս, նույնիսկ սկսում է սպառնալ բռնակցված Ղրիմին։ Նշվում է, որ ռազմաճակատում նման կորուստների պատճառով Վլադիմիր Պուտինը կարող է կորցնել իշխանությունը։
Հրապարակման համաձայն՝ շատերի համար սա Եվրոպայում խաղաղությունը վերականգնելու լավագույն միջոցն է։ Բայց այս սցենարը մտահոգություն է առաջացնում, որ քաոսի մեջ հայտնված Ռուսաստանը կարող է կորցնել իր միջուկային զինանոցի նկատմամբ վերահսկողությունը:
Երկրորդ սցենարը, ըստ պարբերականի, ենթադրում է Ռուսաստանի ավելի փոքր կորուստներ, բայց նաև հետագա պարտությունների հեռանկար։ Սա կարող է բավարար լինել Պուտինի իշխանությունը թուլացնելու համար։
Երրորդ՝ ավելի տխուր արդյունքը կլինի փակուղային իրավիճակը, որը թույլ կտա Ռուսաստանին պահել իր գրաված տարածքների մեծ մասը, նույնիսկ հակահարձակումից հետո: Դա կխաթարի Ուկրաինայի հաջողության նկատմամբ Արևմուտքի վստահությունը և կքաջալերիի Պուտինին:
«Չնայած ռազմական բոլոր անհաջողություններին՝ չի թվում, թե Պուտինը հրաժարվել է Ուկրաինային իրեն ենթարկեցնելու ծրագրերից՝ տարածքներ բռնակցելով և Կիևում խամաճիկային կառավարություն հաստատելով։ Կրեմլը, հավանաբար, հույս ունի հասնել դրան՝ երկար տարիներ ձգձգելով հակամարտությունը»,- գրում է Economist-ը՝ վկայակոչելով Քարնեգիի ռուսական և եվրասիական հետազոտությունների Բեռլինի կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գաբուևին (գրանցված է Ռուսաստանի «օտարերկրյա գործակալների» ռեեստրում):
Պատերազմի երկարաձգումից կարելի է խուսափել, եթե Ուկրաինան զգալի ռազմական հաղթանակների հասնի, ինչպես նաև արևմտյան երկրների կողմից Կիևին ռազմական և մարդասիրական օգնություն տրամադրելու ընդլայնված երաշխիքների միջոցով, գրում է Economist-ը։
«Եթե նման երաշխիքները՝ պաշտպանության և ենթակառուցվածքների վերականգնման հետ կապված, իրավաբանորեն ձևակերպվեն երկար ժամկետի համար, դա կոչնչացնի Կրեմլի հույսը՝ սպասել, որ Արևմուտքը «կհոգնի» Ուկրաինային օգնելուց»,- նշվում է հրապարակման մեջ։