«ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐ» ՏՐԱԿՏՈՐԸ ՆՇԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՏԱԿ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ելույթ է ունեցել Ավստրիայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում և կրկին մեղադրանքներ հասցեագրել Հայաստանին, հաղորդում է Factor.am-ը։ Նա նշել է, որ Բաքուն Երևանից քաղաքական կամք է ակնկալում՝ հաղթահարելու տարաձայնությունները երեք կոնկրետ ոլորտներում, որոնք կազմում են խաղաղության պայմանագրի շուրջ երկկողմ քննարկումների օրակարգը:

«Խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններն ընթանում են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Վերջին շաբաթներին Վաշինգտոնում, Բրյուսելում, Մոսկվայում և Քիշնևում կայացած բանակցությունները թույլ տվեցին ավելի լավ հասկանալ կողմերի դիրքորոշումները: Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը քաղաքական կամք կդրսևորի՝ հաղթահարելու տարաձայնությունները երեք կոնկրետ ոլորտներում»,- ասել է Բայրամովը։ Նա հայտարարել է Արցախում Հայաստանի «ռազմական ներկայության», Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու և Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների ու Ղարաբաղում հայկական ծագումով տեղաբնակների միջև երկխոսությանը խոչընդոտելու փորձերի, ինչպես նաև միջազգային մակարդակով, այդ թվում՝ ԵԱՀԿ շրջանակներում Բաքվի վարկաբեկման արշավի անցկացման մասին: Բայրամովը նշել է, որ այդ ամենը «գլխավոր խոչընդոտն է բանակցությունների ճանապարհին»: Նա հայտարարել է, որ Բաքուն վճռական է տրամադրված «Ադրբեջանի քաղաքական, իրավական, տնտեսական և սոցիալական տարածքում Ղարաբաղի էթնիկ հայերի վերաինտեգրման հարցում՝ որպես իրավահավասար քաղաքացիների»:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Անկարայում Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի ու Ալիև ընտանեկան զույգի հանդիպումներից հետո, հաշվի առնելով թուրք-ադրբեջանական տանդեմի համար ուրախությամբ և հայկական կողմի համար նվաստացմամբ լեցուն այդ հանդիպումներում տիրող բառացիորեն «հովվերգական» մթնոլորտը, Երևանի հասցեին Բայրամովի հնչեցրած դժգոհությունները չափազանց անտեղի են թվում: Փաշինյանի Թուրքիա կատարած այցի տեսաշարը բնավ տպավորություն չի թողնում, թե Երևանն ընդհանրապես ինչ-որ բանում առարկում է Բաքվին։ Բայրամովի հայտարարության մեջ, սակայն, հատուկ ուշադրության է արժանի մեկ այլ տեսանկյուն։

Ահավասիկ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը դժգոհում է, թե Հայաստանը «խանգարում է երկխոսությանը Ադրբեջանի կենտրոնական իշխանությունների և Ղարաբաղում հայկական ծագումով տեղաբնակների միջև»։ Բայրամովը հավաստիացնում է, թե իբր՝ Բաքուն ձգտում է վերաինտեգրել Ղարաբաղի հայերին ադրբեջանական տարածք՝ որպես իրավահավասար քաղաքացիների, իսկ Երևանը խոչընդոտում է դրան։ Նրա հետ կարելի էր համաձայնել այն դեպքում, եթե Ադրբեջանի զինված ուժերին հրամաններ տրվեին ոչ թե Բաքվից, այլ Երևանից։ Քանզի տխրահռչակ վերաինտեգրման ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկը ադրբեջանական զինուժի պահվածքն է։ Այդուհանդերձ, հրամանները տրվում են Բաքվից և

Հունիսի 8-ին Արցախի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ադրբեջանի զինված ուժերը ժամը 17:35-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում հրաձգային զինատեսակների կիրառմամբ խախտել են հրադադարի ռեժիմը շփման գծի արևելյան և հյուսիսային ուղղություններում: Ժամը 18:20-ի սահմաններում ադրբեջանական կողմը հրաձգային զենքից կրակ է բացել Կարվին տեղամասում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի ուղղությամբ:

Հունիսի 6-ին Արցախի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը հունիսի 6-ին ժամը 20:00-20:30-ի սահմաններում հերթական անգամ խախտել է հրադադարի ռեժիմը կենտրոնական և արևմտյան ուղղություններով՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Ավելի վաղ՝ նույն օրը ժամը 11:00-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինուժը հրաձգային զենքի կիրառմամբ խախտել է հրադադարի ռեժիմը շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավարևելյան ուղղություններով:

Հունիսի 5-ին Արցախի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը ժամը 10:45-ից 11:00-ն ընկած ժամանակահատվածում խախտել է հրադադարի ռեժիմը, հրաձգային զինատեսակներից կրակ բացելով շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղություններով:

Հունիսի 4-ին Արցախի պաշտպանության նախարարության մամլո ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղություններով՝ կիրառելով հրաձգային զենք և ականանետ: Ժամը 11:40-ի սահմաններում ադրբեջանական զինուժը 60մմ տրամաչափի ականանետից 7 կրակոց է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ:

Այստեղ թվարկված են ընդամենը վերջին մի քանի օրերի իրադարձությունները, բայց սա էլ բավական է, որպեսզի հստակ ցույց տանք, թե ով է առաջին հերթին խանգարում արցախցիների «վերաինտեգրմանը»։ Մի հարցնող լինի, ինչո՞ւ են ադրբեջանցի զինվորականները կրակում ենթադրյալ «իրավահավասար» արցախյան տրակտորի վրա։ Ինչո՞ւ կրակել նրանց վրա, ում ցանկանում ես վերաինտեգրել: Դա անիմաստ է, իռացիոնալ, եթե իսկապես Բաքուն մտադիր է վերաինտեգրել արցախցիներին։ Այլ հարց է, որ ադրբեջանցիներն այլ նպատակ են հետապնդում. վտարել Արցախի բնակչությանը, վախեցնել ու բնաջնջել նրան։ Այս տեսանկյունից ադրբեջանական ԶՈՒ-ի վարքագծում տրամաբանություն կա։ Ցեղասպան պետության տրամաբանություն։

Ի դեպ, նույն տրամաբանությամբ են Ադրբեջանի զինված ուժերը գործում նաև Հայաստանի սահմանին։ Ճիշտ է, պետք է նշել, որ նախկինում տրամաբանությունն այլ էր։ Այսպես, որևէ բանակցությունների նախաշեմին կամ ընթացքում ադրբեջանցիները սկսում էին կրակել՝ ահագնացնելով իրավիճակը սահմանին։ Այդպես նրանք փորձում էին ճնշում գործադրել հայկական կողմի վրա՝ ձգտելով ռազմական ճնշմամբ զիջումներ կորզել դիվանագիտական ճակատում։ Այժմ հաջողության հասնելու այդ մեթոդը չունի նախկին արդիականությունը: Այժմ պաշտոնական Երևանը պատրաստակամորեն զիջում է՝ առանց Բաքվի կողմից լրացուցիչ ռազմական ազդեցության։ Հարց է ծագում. ինչո՞ւ են հիմա կրակում հայ-ադրբեջանական սահմանին։ Պատասխանը պարզ է։ Դա արվում է նույն նպատակով, ինչ Արցախում. սպանել, վախեցնել, վտարել

Վերադառնալով Բայրամովին՝ նշենք, որ նրա ասածն ուղղված էր ԵԱՀԿ Մշտական խորհրդի մասնակիցներին։ Այսինքն, մեծ հաշվով՝ միջազգային հանրությանը։ Եվ այդ հանրությունն այսօր ականջները կախ լսում է, թե ինչպես է Բաքուն ինքնամոռաց ջանում «վերաինտեգրել» արցախցիներին։ Այն աստիճան ինքնամոռաց, որ պահում է նրանց իր զինված ուժերի նշանառության տակ։ Այն աստիճան ինքնամոռաց, որ կրակում է դաշտում աշխատող տրակտորի վրա։

Այստեղ, իհարկե, արժե ուշադրություն դարձնել իբր հաշտեցման գործընթացի ևս մեկ մասնակցի՝ ռուսական խաղաղապահ զորակազմի վրա։ Գրեթե ամեն օր ռուս խաղաղապահները պաշտոնապես հաղորդում են իրենց պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտման մասին: Սակայն դա կանխելու համար ոչինչ չի ձեռնարկվում։ Խոսքն ամենևին էլ այն մասին չէ, թե խաղաղապահները պետք է կռվեն և հետ մղեն ադրբեջանական զինուժի հարձակումները։

Խոսքն այն մասին է, որ նախ՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները (խաղաղապահները բազմիցս արձանագրել են հենց ադրբեջանական պատասխանատվությունը միջադեպերի համար) անհետևանք են մնում նույնիսկ քաղաքական բնույթի, թեկուզ բանավոր դատապարտման մակարդակով։ Երկրորդ՝ հիմնավորված հարց է ծագում. գուցե Արցախում ռուսական զորախումբն ավելի ճիշտ կլինի անվանել դիտորդակա՞ն, այլ ոչ թե խաղաղապահ։ Այո, ռուսական կողմը 2020-ի աշնանը խաղաղություն բերեց արցախցիներին։ Սա անվիճելի փաստ է։ Բայց այդ խաղաղության երկարաժամկետ պահպանման պարագայում բնավ ամեն ինչ հարթ չէ: Ադրբեջանցիները կրակում են՝ տեռորի ենթարկելով արցախցիներին, իսկ խաղաղապահները միայն արձանագրում են այդ փաստերը։ Խաղաղություն արարելն իրականում ենթադրում է գործողություն…