Փարիզի խորհուրդն Արցախում ապրող և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնելու բանաձև է ընդունել

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին հրատապ օգնության տրամադրման» վերաբերյալ բանաձև։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Բանաձևում ընդգծվում է 2022թ դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Արցախի 120 000 բնակիչների՝ մնացյալ աշխարհից կտրված լինելու հանգամանքը։

«Հղում է արվում 2020թ նոյեմբերի 27-ին Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Փարիզի քաղաքային խորհրդի կողմից Ֆրանսիայի կառավարությանն ուղղված կոչ-բանաձևի ընդունմանը, Ֆրանսիայի տարբեր վարչատարածքային միավորների կողմից Արցախի բնակչությանը ցուցաբերված օգնությանը, Փարիզի քաղաքապետարանի կողմից հայ ժողովրդին ուղղված աջակցության և համերաշխության բազմաթիվ կոչերին, Երևան քաղաքի՝ Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգային միությանն անդամակցությանը և կարևորվում է Փարիզ քաղաքի կողմից արցախահայությանը հերթական անգամ աջակցության տրամադրումը»,-ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ քաղաքային խորհուրդը նշված բանաձևով նաև Փարիզի քաղաքապետին լիազորություն է տալիս կոչ անելու Ֆրանսիայի այլ վարչատարածքային միավորներին և ՖՔՄՄ-ի անդամ օտարերկրյա քաղաքներին միանալ հրատապ աջակցության այդ նախաձեռնությանը։

Դրա նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախցիներին աջակցելը և Արցախի բնակչությանը մարդասիրական ավտոշարասյան միջոցով սնունդ հասցնելը։

Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքային խորհուրդը 2022 թվականի հոկտեմբերին միաձայն ընդունել էր բանաձև՝ ի պաշտպանություն հայ ժողովրդի։ Բանաձևով Ֆրանսիայի կառավարությանը կոչ էր արվում դատապարտել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ղեկավարների նկատմամբ։

Sputnik Արմենիա