Ադրբեջանի ԶՈւ-ն 60 մմ տրամաչափի ականանետից 3 արկ է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ

Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«Հունիսի 10-ին` ժամը 12։20-ի սահմաններում, ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 արկ է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Հայկական կողմը կորուստներ չունի։

ՊԲ-ից հայտնում են, որ հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել, իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10- ին պարբերաբար կրակ են բացել Արցախի Հանրապետության Շուշիի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Արցախի ՊԲ-ն հերքել էր այդ լուրը` նշելով, որ Ադրբեջանի Պն- ն խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները։

Sputnik Արմենիա