Արթուր ՂԱԶԻՆՅԱՆ․ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ ԱՐՑԱԽԸ ՉԷ, ԱՅԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ ՎԵՐԱՑՆԵԼԸ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Դժվար է ասել՝ ինչպե՞ս արգելափակել «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, նախ պետք է հասկանալ՝ այդպիսի համաձայնագիր առհասարակ կստորագրվի՞, թե՞ ոչ։ Իշխանությունն ակնհայտորեն գնում է այդ ճանապարհով, դա չի թաքցնում, բաց տեքստով, ուղիղ խոսում է այդ մասին, ասում է, թե կգնա խաղաղության, և մենք վճարելու ենք դրա գինը։ Բայց հարց է՝ Ադրբեջանը կգնա՞ այդ «խաղաղությանը», քանի որ նրանց նշաձողը մշտապես եղել է շատ ավելի բարձր, քան Հայաստանը կարող է առաջարկել։ Գիշատիչ գազանի հոտառությամբ Ադրբեջանը զգացել է զոհի հոտը և ձգտելու է վերցնել առավելագույնը։ Ադրբեջանի նպատակն Արցախը չէ, այլ հայկական գործոնը վերացնելը, որպեսզի իրենք կարողանան անարգել, առանց որևէ խոչընդոտի միանալ Թուրքիային, և Կասպից ծովով դեպի Կենտրոնական Ասիա իրականացվի Մեծ Թուրանի ծրագիրը։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը:

 

«Եթե մենք ուշադրություն դարձնենք արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, բոլոր այն կետերում, երբ կողմերն ամենամոտն են եղել համաձայնությանը, միշտ Ադրբեջանն է սաբոտաժի ենթարկել բանակցությունները։ Հայաստանն առնվազն երեք-չորս անգամ պատրաստ է եղել փաստաթուղթ ստորագրել, այդ բոլոր դեպքերում էլ Ադրբեջանն է հրաժարվել։ Հայաստանում չկա մեկը, որը կարող է Արցախը հանձնել, քանի որ Արցախն իրեն չի պատկանում, որ այն հանձնի։ Փաշինյանն ընդամենը ձեռքերը լվանում է և ասում, որ Արցախի ժողովուրդն ինքնորոշման իրավունքի շրջանակում կարող է շարունակել պայքարը, և իբր այստեղ Հայաստանը ներգործության որևէ մեխանիզմ չունի»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

«Փաշինյանն Արցախի մասով ոչինչ չի ստորագրելու, չի էլ կարող, նրան թույլ չեն տա նախևառաջ՝ Արցախի ժողովուրդը, տարբեր աշխարհաքաղաքական կենտրոններ՝ ՌԴ-ն, Իրանը, և այլն։ Նա կխոսի միայն Հայաստանի անունից, իսկ Արցախի հարցը կթողնվի հետագային՝ ապագայում լուծելու։ Հայաստանի ճանաչել-չճանաչելուց չէ, որ Արցախի հարցը կփակվի կամ կմնա բաց։ Այն բաց կմնա այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ ապրում են արցախցիները, որոնք ունեն ռուսական խաղաղապահ զորքերի հովանավորությունն ու աջակցությունը։ Սա մի գործոն է, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ։ Որքան էլ Երևանից ասեն, թե մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կոնկրետ քառակուսի կիլոմետրերով, դա որևէ կերպ չի նսեմացնում և չի վերացնում Արցախի ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ինքնորոշվելու՝ բնությամբ տրված իրավունքը»,- նշեց Ղազինյանը:

Նախկին պատգամավորի պնդմամբ՝ Արցախի ինքնորոշման իրավունքը որևէ մեկը որևէ կերպ երբևէ չի կարող սակարկության հանել կամ վիճարկել, այն կա և լինելու է. «Եթե մենք նայենք պատմությանը, արցախցին այդ հողում ապրում է ավելի երկար, քան Հայաստանի ցանկացած բնակիչ՝ իր հողում։ Դա մեզ պետք է հուշի, որ Ադրբեջանի համար դժվար է լինելու, նա ստիպված է լինելու առերեսվել իրականությանը և մտնել Արցախի հետ ուղիղ բանակցությունների մեջ, ինչը նշանակում է ճանաչել Արցախի սուբյեկտայնությունը։ Մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը Երևանն Արցախի անվտանգության երաշխավորն էր, ուներ դրա մանդատը և հանդես էր գալիս՝ որպես գործոն։ Մինչև այժմ մասնակիորեն պահպանում է տնտեսական և համակարգային ներգործության մեխանիզմը, այսինքն՝ ֆինանսական աջակցությունը և իրավական, բանկային, տնտեսական համակարգերը, որոնք կապված են Հայաստանի հետ։ Նոյեմբերի 9-ից հետո Երևանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ և այդ գործառույթն ու դերակատարությունը փոխանցել է Ռուսաստանին։ ՌԴ-ն է այս պահին Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»:

«Այն, որ Արցախում էթնոցիդ, ցեղասպանություն կամ էթնիկ զտում տեղի չի ունեցել և չի ունենում, դրա երաշխավորն այս պահին ՌԴ-ն է՝ իր խաղաղապահ զորախմբով, որն այսօր գտնվում է Արցախում։ Տնտեսական առումով՝ Արցախի նախկին պետնախարարի նախաձեռնությունը՝ 50 մլն դոլարի ներդրում անելու Արցախում, և կոչը մնացած հայերին՝ մասնակցելու այդ ծրագրին, նույնպես էապես կնվազեցնի ֆինանսական կախվածությունը Հայաստանից, և Արցախը ձեռք կբերի սուբյեկտայնության և ինքնուրույնության որոշակի աստիճան։ Ադրբեջանը, երեսուն տարի է՝ ասում է, թե սա տարածքային վեճ է իր և Հայաստանի միջև, մինչդեռ այս դեպքում այն կզրկվի Արցախի ինքնորոշման իրավունքը որպես տարածքային վեճ ներկայացնելու հնարավորությունից»,- ամփոփեց Արթուր Ղազինյանը:

168.am