Պաշտպան․ Նույն արարքում մեղադրվողներից 2-ն ազատ են, 2-ը՝ կալանքի տակ․ հրդեհի գործով կալանավորված

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված ողբերգական հրդեհի գործով կալանավորված զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանին առաջադրված մեղադրանքի և կատարվածի միջև պատճառահետևանքային կապ չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գոռ Աղեկյանի փաստաբան Ժորա Համբարձումյանը։

«Մեղադրանքում նշված է, որ կացարանում կրակմարիչ չի եղել, սակայն նախաքննական մարմինը պետք է հիմնավորվի՝ եթե օգտագործվեր կրակմարիչը, հնարավոր կլինե՞ր կասեցնել ուժգին հրդեհը։ Հրդեհի բռնկումը, տարածումն այնքան ուժգին է եղել, որ կրակմարիչները դեր չէին խաղալու։ Վառարանը վառվել է արգելված վառելիքով, բռնկվել է հրդեհ, այսինքն՝ ունենք գործողություն և հետևանք։ Եթե գույքի վնասման համար Գոռ Աղեկյանին մեղադրանք առաջադրեին, դեռ կարող էր ողջամիտ լինել, բայց կապը զինվորների մահի ու անգործության իրավաչափ չէ»,- ասաց նա։

Փաստաբանը տարակուսելի է համարում, որ նույն արարքում մեղադրվող չորս սպաներից երկուսն ազատության մեջ են, իսկ երկուսը՝ կալանքի տակ։

«Բազմաթիվ հարցեր են առաջանում, թե ինչու է վարույթն իրականացնող մարմինը նման ընտրողական մոտեցում ցուցաբերում։ Այսինքն ըստ նախաքննական մարմնի, Գոռ Աղեկյանը և Մառլեն Սարգսյանը կարող են խոչընդոտել քննությանը, ազդեցություն ունենալ վկաների վրա, իսկ Գոռ Մարգարյանը և Տիգրան Ղազարյանը չեն կարող»,- նշեց Համբարձումյանը։

Գոռ Աղեկյանի կալանքի հիմքում ընկած է այն, որ նա կարող է ազդեցություն ունենալ վկաների վրա։ Մինչդեռ փաստաբանի խոսքով՝ անձինք առարկայական ցուցմունքները տվել են կրակմարիչների մասով «Արդեն անտրամաբանական է կարծելը, որ Գոռ Աղեկյանը կարող է ազդել քննության վրա։ Այդ ապացույցներն ունի արդեն նախաքննական մարմինը, հետևաբար ինչի՞ն պետք է խոչընդոտի Աղեկյանը»։

Պաշտպանական կողմը կալանքի բողոքարկման մեջ նշել է նաև տնային կալանքի կիրառման տարբերակը, որով Աղեկյանի հաղորդակցման հնարավորությունները սահմանափակ կլինեն և վկաների վրա հնարավոր ազդեցության ռիսկերը կչեզոքանան, սակայն նախաքննական մարմինը մերժել է։

«Կացարանն օբյեկտիվորոն զրկված է եղել մինիմալ պայմաններից, իսկ դա վերագրել է Գոռ Աղեկյանին իրավաչափ չէ։ Գոռ Աղեկյանի և այլ անձանց ցուցմունքներով էլ երևում է, որ ժողովներում բազմիցս հորդորել է՝ եթե կրակմարիչներ չկան, համալրել, սարքին չեն՝ լիցքավորել, բայց այդ քննչական գործողություններով եղել է երկու կրակմարիչ։ Քննչական կմոմիտեն պետք է կոնկրետ հղում անի և ասի՝ տվյալ պարտավորությունը վերագրվա՞ծ է սպային, թե՝ ոչ»,- ընդգծեց Համբարձումյանը։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող: 7 զինծառայող վիրավորվել էր:

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ) և վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունի հինգ սպա։ Նրանցից երկուսը՝ թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը և զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ մայոր Մառլեն Սարգսյանը կալանավորված են։ Նրանք մեղադրվում են զինվորական պաշտոնեական անփութություն կատարելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Նույն հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև վաշտի հրամանատար ԳՄ-ի նկատմամբ։ Որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը։ Զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ ևս հարուցել է հանրային քրեական հետապնդում։

Առանցքային մեղադրյալ, կապիտան Եղիշե Հակոբյանը, որին է մեղսագրվում վառարանը բենզինով վառելու արարքը, որն առաջացրել է 15 զինծառայողների մահը, կալանավորված է։

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Նա, թեև իր հարցաքննության ընթացքում վերաբերմունք չի հայտնել իրեն առաջադրված մեղադրանքին, սակայն հաստատել է, որ բենզինը վառարանի մեջ լցրել է, սակայն ոչ թե հինգլիտրանոց տարրայով, ինչպես հաղորդում է նախաքննական մարմինը, այլ սուրճի բաժակով։ Կապիտանը Հակոբյանն ասել է, որ կացարան այցելել է շատ քիչ և այդ օրն էլ այդտեղ էլ ընկերոջ խնդրանքով։ Նա նաև նշել է, որ փորձել է զինծառայողներին արթնացնել, գոռացել է, սակայն կրակի՝ նախասրահից ննջասենյակ հասնելու 20 րոպեների ընթացքում 15 զինծառայողներն այդպես էլ չեն արձագանքել։