ԱՄՆ-ը գաղտնի մոտ 150 միջուկային մարտագլխիկ է տեղակայել Եվրոպայի 5 երկրներում

ԱՄՆ-ն ունի մոտ 150 միջուկային ռումբ, որոնք տեղակայված են Գերմանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Բելգիայի և Թուրքիայի ամերիկյան ավիաբազաներում՝ առանց որևէ պաշտոնական հայտարարության: Տեղեկությունը հայտնել է միջուկային զենքի վերացման միջազգային արշավի (ICAN) քաղաքականության և հետազոտությունների համակարգող Ալիսիա Սանդերս-Զակրեն։

«Այսպիսով, չնայած Եվրոպայում ամերիկյան միջուկային զենքի տեղակայման վերաբերյալ որևէ հրապարակային հաստատում կամ հերքում չկա, մենք գիտենք, որ միջուկային զենքը տեղակայված է Եվրոպայի հինգ երկրներում՝ Գերմանիայում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Իտալիայում և Թուրքիայում: Անկախ փորձագետների գնահատականներով՝ այդ երկրներում ԱՄՆ ավիաբազաներում մոտ 150 մարտագլխիկ է տեղակայված», - հայտնել է նա ճեպազրույցի ժամանակ։

Սանդերս-Զակրեն ավելացրել է, որ ICAN-ն չափազանց անհանգստացած է Եվրոպայի ցանկացած երկրում միջուկային զենքի տեղակայմամբ:

Միջուկային զենքի վերացման միջազգային արշավը (ICAN, International Campaign to Abolish Nuclear Weapons) միջազգային հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 2007 թվականին։ Այն նպատակ ունի նպաստել միջուկային զենքի արգելման մասին պայմանագրի հաստատմանն ու կատարմանը։ Կազմակերպությունը 2017 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։

Sputnik Արմենիա