«Ժողովուրդ»․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՎԱՔՈՒՄ ԵՆ ԱՆԳԱՄ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ

Ամեն անգամ, երբ հանդիպում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն ու իշխող խմբակցության պատգամավորները, վարչապետի անվտանգության աշխատակիցները պահանջում են, որ պատգամավորների հեռախոսները և «խելացի» ժամացույցները հավաքվեն: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Հավանաբար, Փաշինյանն այնքան է երկյուղում, որ անգամ չի վստահում իր թիմակիցներին:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այս լուրը հաստատել է նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը. «Այո՛, նիստերից առաջ պատգամավորների հեռախոսները հավաքում են: Եթե ժամացույց ասելով՝ նկատի ունեք «խելացի» ժամացույցները, այո՛, դրանք էլ են հավաքում»,–ասել է Աղազարյանը: Նա բացատրել է, որ ԱԺ պատգամավորներից հեռախոսները հավաքելու պատճառն այն է, որ «նրանք չշեղվեն, կենտրոնանան նիստում քննարկվող հարցերին և «Տիկ-Տոկ» չմտնեն»:

«Փաստորեն, ՔՊ-ականները, ըստ ՔՊ խմբակցության պատգամավորի, «Տիկ-Տոկ» ժամանցային հարթակի սիրահարներ են ու անգամ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ են մտնում»,–գրում է թերթը:

Թերթի տվյալներով` Նիկոլ Փաշինյանը չի վստահում անգամ սեփական թիմին, և իշխանական պատգամավորները ստուգվում են հանդիպումներից առաջ ոտքից-գլուխ:

Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում։

Sputnik Արմենիա