Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ․ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆՆ ՄԱՐԴԿԱՆՑ ՄՈՏ ԽՈՒՃԱՊ Է ՍՏԵՂԾՈՒՄ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերջին շաբաթներին ակտիվ հանդիպումներ է ունենում Արցախի տարբեր շրջանակների հետ։ Նա իր հարկի տակ ընդունում է քաղաքական գործիչներից մինչև զոհվածների ծնողների, մտավորականների, և այլոց։

Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց՝ նոր չէ, որ Արայիկ Հարությունյանը հանդիպումներ է ունենում տարբեր մարդկանց հետ.«Հունիսի 2-ին հանդիպում ունեցավ նաև Արցախի ԱԺ պատգամավորների հետ, որին նաև ես էի ներկա։ Առիթ եմ ունեցել որպես Արցախի անվտանգության և զարգացման ճակատի խորհրդի անդամ ևս հանդիպում ունենալ Հարությունյանի հետ՝ արդեն հունիսի 7-ին, այսինքն՝ մինչ Լաչինի ճանապարհի ակտիվ գործածումը և արդեն ճանապարհի ակտիվ գործածումից հետո։

Ասեմ ձեզ, որ ունենալով ուրիշ հանդիպումներից տեղեկություն, Արայիկ Հարությունյանը բոլորին նույն բանն է ասում, կարծես, ձայնագրած տեքստ լինի, որն անխափան եթեր է գնում և բոլորին նույնն է նկարագրում։ Անցածից վերլուծություն է անում, իր տեսակետն է հայտնում և ապագայից խոսում։ Անկեղծ ասած, եթե ես չունենայի բավարար չափով ինֆորմացիա, եթե ես այս իրականության մեջ չլինեի, այլ սովորական կենցաղով ապրող քաղաքացի լինեի, միանշանակ խուճապի մեջ էի ընկնելու, որովհետև Արայիկ Հարությունյանի խոսքը խուճապի մեջ է գցում ցանկացածին, ով լսում է նրան»։

Պատգամավորը նաև ավելացրեց, որ նախագահը հանդիպման ժամանակ որևէ կոնկրետ պատասխան չի տվել ոչ մի հարցի, ինչն ավելի է խորացնում մարդկանց շրջանում խուճապը.«Ես չեմ կարող ասել, թե նպատակը որն է, որ նա այդպես է վարվում, նման կերպ է ներկայացնում իրավիճակը, բայց ամեն դեպքում, այո՛, նրա հետ հանդիպումներից հետո մարդկանց մոտ մեծ խուճապ է առաջանում։

Մենք իրեն հանդիպել ենք, երբ Լաչինի ճանապարհը չէր գործում և, ճանաչելով իրեն, հասկանում էինք, որ ինչ-որ բան անելուց առաջ ուզում է տպավորություն ստեղծել, որ ինքը կարծիքներ է հավաքել։ Բայց նման բան չի եղել։ Ես կոնկրետ հարցեր եմ տվել նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ, որ մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ հիմա խնդրի առջև ենք կանգնած, որովհետև Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին հայտարարություն է ստորագրել, որտեղ 9-րդ կետում ասվում է, որ պետք է կոմունիկացիաների ապաշրջափակում տեղի ունենա, Փաշինյանն էլ հպարտությամբ ասում էր, որ Հայաստանը պետք է դառնա խաչմերուկ։

Իսկ ահա Ադրբեջանն ու Թուրքիան իրենց մեկնաբանությունն ունեն այս կետի մասով, այն է՝ ստանալ «Զանգեզուրի միջանցքը»։ Եվ այն բոլոր խնդիրները, որոնց այսօր Արցախը բախվում է, պարզ է, որ կապված են 9-րդ կետի հետ։ ՀՀ իշխանությունները ժամանակին իրենց վրա պարտավորություն վերցնելով, որն իհարկե հակահայ պարտավորություն էր, այսօր, կարծես թե, չեն կատարում դրանք։ Ես Հարությունյանին հարց եմ տվել, թե արդյո՞ք ինքը երբևէ Նիկոլ Փաշինյանին հարցրել է՝ ինչու է ստորագրել այդ հայտարարությունը, եթե ինքն այդ 9-րդ կետի հետ համաձայն չի եղել։ Կամ՝ արդյո՞ք կարդացել է այդ կետը ստորագրելուց առաջ»։

Հակոբյանն ընդգծում է՝ Արայիկ Հարությանը ոչինչ չունի ասելու։ Բոլոր հարցերը նմանատիպ պատասխան են ստացել։

«Օրինակ, 2025 թվականին Արցախը կանգնելու է պետականությունը կորցնելու առջև, ելնելով այն հանգամանքից, որ մենք ունենալու ենք ընտրություններ, իսկ Արայիկ Հարությունյանն աջ ու ձախ հայտարարում է, որ մենք ի վիճակի չենք ընտրություններ կատարել, այդ ժամանակ նա ռուս խաղաղապահների մանդատների երկարացման կամ չեղարկման հարցն է քննարկելու։

Մենք 2025 թվականի գարուն-ամառ ժամանակահատվածում կանգնելու ենք լուրջ խնդրի առջև։ Ես նրան հարց եմ տվել, որ նույնիսկ եթե պայմանավորված է անձով, ինքն արդյո՞ք չի գիտակցում, որ իրոք պետք է հրաժարական տա, հեռանա, որպեսզի մենք հասցնենք նոր կառավարություն ձևավորել, որը պատրաստ կլինի այդ մարտահրավերներին։ Այդ հարցին ևս չպատասխանեց։ Ես և իմ նման շատերը չենք վստահում իրեն և հարց եմ տվել, թե ի՞նչ ծրագրեր կան։ Նա պատասխանեց, որ ունեն ծրագիրը, որը մեզ չեն ներկայացնում։ Այդ պատասխանն ավելի է խուճապ առաջացնում մարդկանց մոտ, որովհետև այս իշխանությունը, հանձին նախագահի, բացարձակ վստահություն չունի և, հետևաբար, եթե իրենք ունեն ծրագրեր, որոնք մեզ չեն ասում, դա միանշանակ լավ չի ընդունվում»։

Aysor.am