Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ․ ԷՐԴՈՂԱՆԱԿԱՆ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՊԱՐԱԳԼՈՒԽՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ԻՐԱՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԻՑ
Թուրք-ադրբեջանական դաշինքը փաստացիորեն ձեռք չի քաշում զանգեզուրյան «միջանցք» եզրույթից, որն իրականում թուրանական միջանցք է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը։
Թուրքիայի նախագահն այսօր հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» Հայաստանի հետ խնդիր չէ։ ««Զանգեզուրի միջանցքը» խնդիր է Իրանի հետ։ Այսինքն՝ երկու մահմեդական երկրների միջև խնդիր։ Այն, որ Իրանը նման դիրքորոշում է ընդունում այս հարցում, հիասթափեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ», - ասել էր Էրդողանը։
«Խնդիրը վերաբերում է Թուրքիայի հեռագնա ծրագրերին. այս «միջանցքով» նախ միանալ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորմանը, այնուհետև ելք ապահովել իր համար դեպի Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններ, վտանգել Իրանի հյուսիս-արևմուտքը՝ փաստացիորեն այս պետությունը կտրելով թուրք-ադրբեջանական այլընտրանքից, որովհետև Հայաստանի հետ կապը և հայ-իրանական հազարամյակների սահմանն է, որ ապահովում է Իրանի համար այլընտրանքային ելք դեպի հյուսիս-արևմուտք, մյուս երկու ելքերը կամ Թուրքիայով են, կամ՝ Ադրբեջանով։ Ուստի, պարզ է, որ էրդողանական վարչախմբի պարագլուխը խիստ անհանգստացած է հատկապես իրանական անզիջում դիրքորոշումներից», - ասաց Վարդան Ոսկանյանը։
Իրանագետի խոսքով՝ այդ դիրքորոշումները չեն փոխվել և չեն կարող փոխվել, որովհետև Հայաստան-Իրան սահմանի կապը չապահովելու վերաբերյալ իրանական կողմի ամբողջ տեսլականը և դիրքորոշումը հանգում է Իրանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին։
Հիշեցնենք, որ Իրանի հոգևոր առաջնորդը Էրդողանի հետ հանդիպմանը փաստացիորեն զգուշացրել էր, որ հայ-իրանական սահմանային հաղորդակցությունը չի կարող ընդհատվել և Հայաստան-Իրան սահմանը Իրանի համար կարմիր գիծ է։ Դա ավելի ուշ փաստել են նաև իրանցի պաշտոնյաները և դիվանագետները։
«Ակնհայտ է, որ թուրքական ամբողջ քաղաքականությունը միտված է լինելու Իրանի այս դիրքրորշումը փոխելուն, բայց այդ դիրքորոշումն անփոփոխ է, և իրանական տեսլականն այս հարցում կարմիր գիծ է։
Պատահական չէ, որ իրանցի փորձագետները խոսում են այն մասին, որ եթե թուրք-ադրբեջանական տանդեմը փորձի որևէ փոփոխության ենթարկել հայ-իրանական հազարամյակների սահմանը, ապա գործ կունենա Իրանի հետ։ Դա ենթադրում է Իրանի ռազմական միջամտություն և ռազմական դիմակայություն», - նշեց Ոսկանյանը։
Հետևաբար, իրանագետի գնահատմամբ, այս հարցում Հայաստանը պետք է հստակորեն իր համար արձանագրի, որ ունի դաշնակից և այդ դաշնակցի հետ բազմակողմ հարաբերությունների ձևավորումը պետք է հիմնված լինի քաղաքակրթական դաշինքի վրա և ունենա ռազմավարական հեռանկար։
«Դա միայն օգուտ է բերելու ՀՀ անվտանգությունը։ Իսկ այդ անվտանգությունը մեզ համար պետք է դառնա թիվ մեկ օրակարգ, մնացյալ բոլոր օրակարգերը պետք է մղվեն երկրորդ պլան՝ ի համեմատություն Հայաստանի և Արցախի անվտանգության»։
Հարցին, թե Հայաստանի իրականացրած արտաքին քաղաքականության մեջ նկատելի՞ են իր թվարկածները՝ Վարդան Ոսկանյանը պատասխանեց.
«Եթե նույնիսկ նման աշխատանքներ տարվում են, դրանք տեսանելի չեն։ Ենթադրում եմ, որ հիմնական խոչընդոտներից մեկն այն է, որ միգուցե Հայաստանի վրա որոշակի ճնշումներ կան, դիցուք՝ Արևմուտքի կողմից։ Գիտենք, որ Իրանը հավաքական Արևմուտքի կողմից դիտարկվում է որպես ախոյան պետություն, բայց մենք պետք է նաև արևմտյան գործընկերների հետ աշխատելիս շատ հստակ արձանագրենք մեր կարմիր գծերը։ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն անսակարկելի հանգամանք է և մեզ համար ունի կենսական կարևորություն, հետևաբար, մենք չենք կարող հրաժարվել մեզ համար կենսական նշանակության խնդրից։ Իսկ այդ խնդրի ապահովումը շատ դեպքերում կապված է հայ-իրանական ռազմավարական դաշինքի ձևավորումից»։