Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ
ՀՀ Հակակոռուպցիոն դատարանը կրկին մերժել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական թիմի ներկայացրած միջնորդությունը խափանման միջոց կալանքը փոխելու մասին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Տոնոյանի պաշտպան Ավետիք Կարապետյանը։
«Դատարանի որոշումը երեկ ենք ստացել։ Հիմնավորումները չեն գոհացնում»,– նշեց փաստաբանը։
Նրա խոսքով` դատարանն իբրև հիմնավորում նշում է այն, որ Տոնոյանը, որպես նախկին բարձրաստիճան պաշտոնյա, կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող մարդկանց վրա։
«Շարունակում են նույն հիմնավորումը վկայակոչել, մինչդեռ 10 վկա հարցաքննվել է, մնացել են 5 վկաներ, որոնք էական նշանակություն ունեցող տեղեկություններ նախաքննության փուլում չեն էլ հայտնել»,– հավելեց փաստաբանը։
Կարապետյանի խոսքով` Տոնոյանի պաշտպանական թիմի հաջորդ քայլը լինելու է դատարանի որոշումը Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկելը։
«Ներպետական ատյանները սպառելուց հետո նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան գանգատ կներկայացվի»,– հայտնեց պաշտպանը։