Երասխից որևէ վտանգավոր ազդեցություն չի կարող լինել. ՀՀ ՇՄՆ-ն պատասխանել է Ադրբեջանին
Երասխում մետալուրգիական գործարանը կառուցվում է միջազգային բոլոր չափանիշների, պահանջների, փաստաթղթերի համաձայն։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել` անդրադառնալով Ադրբեջանի անհիմն մեղադրանքներին, թե Երասխում գործարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին։
Օրեր առաջ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել` Հայաստանին մեղադրելով բնապահպանական միջազգային չափանիշները խախտելու համար։ Նշվում էր, թե Երասխում մետալուրգիական գործարան է կառուցվում առանց Բաքվի հետ համաձայնեցնելու:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը նշում է, որ Նախիջևանի տարածքում բնության հատուկ պահպանվող ամենամոտ տարածքն ուղիղ գծով գտնվում է Երասխ գյուղից մոտ 5 կմ հեռավորության վրա։ Նախատեսվող գործունեությունը չի կարող որևէ բացասական ազդեցություն ունենալ նշված տարածքների վրա։
«Նախատեսվող գործունեության ազդեցությունը բացառվում է նաև այս տարածքում առկա հնագիտական, մշակութային կամ պատմական հուշարձանների վրա՝ հաշվի առնելով, որ հնարավոր ամենամոտ գտնվող հուշարձանը ուղիղ գծով գտնվում է մոտ 12 կմ հեռավորության վրա»,– նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Շեշտվում է, որ տարածքի ընտրությունը, կիրառվող արդիական տեխնոլոգիան և նախատեսվող բնապահպանական միջոցառումները նվազագույնի կհասցնեն մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունը։
Բացառվում է նաև մթնոլորտային օդի վրա բացասական ազդեցությունը։ Արտանետվող գազերը պարունակում են ածխածնի օքսիդ և երկօքսիդ, ջրածին, թթվածին, ազոտ։
Տեղադրվելու է մաքրման երկաստիճան համակարգ, որի արդյունավետությունը կկազմի 99%։
Ոլորտի պատասխանատուները պնդում են, որ ներդրվող համակարգերը կապահովեն մթնոլորտ արտանետվող գազերում վնասակար նյութերի պարունակությունների սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից ցածր մակարդակ։
Ջրային ռեսուրսների վրա ևս ազդեցությունը բացառվում է։
Ջրապահանջն ապահովվելու է գրունտային ջրերի հաշվին։ Տեխնիկական կարիքների համար ջուրը ծախսվելու է միայն հովացմաննպատակով։
«Կենցաղային կեղտաջրերի համար նախատեսվում է արդիական կենսաբանական մաքրման կայան՝ 95-98 % արդյունավետությամբ: Մաքրված ջրերը կարող են արտանետվել տարածքում գտնվող ցամաքուրդային ջրանցքներ և օգտագործվել նաև տարածքի ոռոգման նպատակով։ Սահմանային Արաքս գետը գտնվում է 6 կմ հեռավրության վրա։ Վնասակար ազդեցությունը բացառվում է՝ հաշվի առնելով, որ արտադրական գործընթացները չեն նախատեսում որևէ վնասակար արտանետում ջրային ավազան»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Չի լինելու նաև բացասական ազդեցություն կենդանական և բուսական աշխարհների վրա, քանի որ դրանք տարածքում պարզապես բացակայում են։ Որևէ բացասական ազդեցություն չի կարող դիտարկվել նաև հողային ռեսուրսների վրա։
Գործարանը նախատեսվում է կառուցել մի տարածքում, որտեղ մնացել են կիսաքանդված շինություններ, պատնեշի մնացորդներ և այլն։ Գործունեության ենթակա տարածքում հողի բերրի շերտ չկա։
Թափոնների կառավարումը ևս իրականացվելու է սահմանված օրենսդրական պահանջներին համապատասխան։
Միաժամանակ շեշտվում է, որ սև մետաղների ջարդոնը համարվում է ոչ վտանգավոր թափոն։
Ձուլման արդյունքում առաջացող խարամը նախատեսվում է օգտագործել ճանապարհաշինության և այլ նպատակներով՝ կրճատելով թափոնակուտակումը աղբավայրերում։
Sputnik Արմենիա