Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՍԱ ՍՏԱՆԴԱՐՏ ԲՌՆԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ Է

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը սահմանային լարված իրավիճակն ու ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությունն իրար հետ չի կապում:

«Մենք գործ ունենք բռնապետության հետ, իսկ բռնապետությունը դիմադրության ցանկացած փորձ փորձում է կասեցնել մշտապես՝ անկախ նրանից, թե զուգահեռ ինչ իրադարձություններ են կատարվում»,- քննչական կոմիտեի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Կ.Վրթանեսյանի խոսքով, ընդդիմադիրներին, քաղաքական հակառակորդներին, նույնիսկ՝ լրագրողներին, փորձագետներին, մեդիայում ակտիվ մարդկանց ճնշելու այս փորձերն իրենց մոտ գրաֆիկով են։

«Սա ստանդարտ բռնապետական գործիքակազմ է, նույնիսկ հատուկ անուն ունի՝ պտտվող դռներ: Այսինքն՝ իշխանությունը, որպեսզի շատ ռեսուրսներ, քննիչների ժամանակը, մեզ մոնիթորինգ անողների ժամանակը չծախսի, այդ ամեն ինչն առավել արդյունավետ կիրառելու համար մարդուն բռնում են, ինչ-որ ժամանակ պահում են, սպառնում են, ճնշում են, հետո բաց են թողնում, հաջորդին են բռնում»,- ասաց Վրթանեսյան։

Նա նշեց, որ նման վերջին հայտնի գործը օրեր առաջ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին ազատ արձակեցին, անցան հաջորդ դեպքին՝ կարող էր լինել Արմեն Աշոտյանը, կամ այլ հայտնի քննադատ։

«Սա գործերի շարան է, վստահ եմ՝ ինչ-որ տեղ գրատախտակ ունեն կախված, գրաֆիկը գծված է, հունիսի 15-ի ամսաթվով Արմեն Աշոտյանի նկարն էր կպցրած: Բայց սա ստանդարտ բռնապետական գործելաոճ է։ Ես երբ ասում եմ՝ բռնապետություն, շատերը զարմանում են, ասում են՝ կոնկրետ դու ազատ խոսում ես։ Ես խոսում եմ, որովհետև այդքան մեծ լսարան չունեմ, ինչ-որ պահից ես էլ եմ թիրախավորվելու: Սա տիպիկ բռնապետական մեխանիզմ է»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։

Ըստ նրա, իշխանությունները փորձում են վախի մթնոլորտ ստեղծել հիմնականում այն մարդկանց մոտ, ովքեր ակտիվ դժգոհ են։

«Մերձիշխանական քարոզչական շրջանակներից եկող այն խոսույթը, որ դուք իբրև ոչ մի բան չեք կարող փոխել, ամեն ինչ արդեն որոշված է, ինչ էլ անեք՝ ոչինչ չի փոխվելու, դրանք այն բանի համար են, որպեսզի մարդկանց լռեցնեն, մարդկանց թույլ չտան դուրս գալ փողոց և ակտիվ գործողություններ անել: Տիպիկ բռնապետական գործելաոճ է»,- ասաց նա։

Փորձագետը նշեց, որ հակազդեցության ամենաառաջին փուլն ակտիվ խոսելը, այս ամենը լուսաբանելն ու դժգոհությունները բարձրաձայնելն է, որպեսզի մարդիկ տեսնեն, որ միայն իրենք չեն դժգոհ. «Շատերին թվում է, թե միայն իրենք են տեսնում՝ ինչ է կատարվում, իսկ մյուսները լուռ են, չեն տեսնում, չեն հասկանում, այստեղից էլ գալիս է հաճախ դժգոհությունը հասարակությունից, ազգից, բայց իրականում շատ-շատ են դժգոհ մարդիկ, ու ինչքան շատ մարդ խոսի, այնքան ավելի շատ մարդ կհասկանա, որ մենակ չէ»,- ասաց Կարեն Վրթանեսյանը։

Panorama.am