Գառնիկ Դանիելյան․ Աշոտյանի ձերբակալումն ազդակ է, որ պետք է միավորվենք և վճռական քայլերի դիմենք

Իշխանությունները փորձում են լռեցնել ընդդիմադիրներին, որպեսզի դաշտում վախի մթնոլորտ ստեղծվի: Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, ՔԿ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։

Նշենք, որ այսօր իրավապահները ձերբակալել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին՝ իր նկատմամբ ընտրված խափանման միջոցը խախտելու համար, նաև առաջիկայում նրան կալանավորելու մասին միջնորդություն կներկայացվի դատարան:

«Այս ամենն իրենց մոտ չի ստացվելու: Այս իշխանությունների ժամանակը շատ կարճ է. իրենք փորձում են այս բռնաճնշումները կիրառել, որպեսզի նաև մյուս կողմից փորձեն ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող այն համախմբման գործընթացը փորձել պառակտել: Ես համոզված եմ, որ արդարադատությունը կհաղթի՝ անկախ ամեն ինչից: Ես չեմ զարմանա, որ կկալանավորվի Աշոտյանը: Համոզված եմ, որ այս ամենը բոլորիս նաև ազդակ է, որ պետք է միավորվենք և վճռական քայլերի դիմենք, որ այս իշխանություններին օր առաջ հեռացնենք: Այս ամենն այսքանով չի ավարտվում, գալու են նոր քաղաքական գործիչների հետևից. բոլորս այս ամենի միջով անցնելու ենք»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

News.am