Բենիամին Մաթևոսյան․ Արևմուտքը Հայաստանին դիտարկում է որպես Ռուսաստանին վնասող գործիք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արևմուտքի համար ձեռնտու է, որ Թուրքիան և Ադրբեջանը ունենան միասնական սահման, որով Արևմուտքը կկարողանա Ադրբեջանին վերջնական պոկել Ռուսաստանից ու Ադրբեջանը դարձնել գործիք Իրանի դեմ պայքարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրւոյցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

 

«Այս իրավիճակում Ադրբեջանն իր համար բոնուս է պահանջելու ինչո՞ւ մտնել ռազմական գործողությունների մեջ։ Եվ այդ բոնուսը Հայաստանի Հանրապետությունն է։ Արևմուտքը բազմիցս ասել է, որ Ադրբեջանը պետք է բացի Լաչինի միջանցքը, բայց ի՞նչ է արել Ադրբեջանը։ Բորելն էլ ասաց, որ իրենք իրավասու չեն ճնշումներ գործադրել Ադրբեջանի նկատմամբ։ Արևմուտքի գլոբալ նպատակը Ռուսաստանին ճնշելն է, իրենք մեզ դիտարկում են որպես գործիք, որով կարող են վնասել Ռուսաստանի Դաշնությանը։ Եթե այս ճանապարհին անհրաժեշտ է, որ Հայաստանը վերանա և լինի Արևմտյան Ադրբեջան, որը կպատերազմի Իրանի դեմ, կանեն»,- ասաց Մաթևոսյանը։

Քաղաքագետի կարծիքով՝ եթե Թուրքիան և Ադրբեջանը ստանան Զանգեզուրի միջանցքը, Հայաստանը հայտնվելու է շրջափակման մեջ և հետաքրքիր չի լինելու Ռուսաստանին, Իրանին, Վրաստանին։

«Այս պարագայում արդեն խնդիր է լինելու հայերին տարհանելու։ Խաղաղության օրակարգի պատրանքները ժամանակավոր ինքնախաբեություն են, ինչպես ինքնախաբեություն էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ամեն ինչ կավարտվի»,- նշեց նա։