Թբիլիսին պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել Երևանի և Բաքվի միջև
Թբիլիսին պատրաստ է կրկին միջնորդի դեր ստանձնել Երևանի և Բաքվի միջև։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, Վրաստանի խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, հաղորդում է վրացական «Առաջին ալիքը»։
«Վրաստանի արտաքին քաղաքականությունը հարևան երկրների նկատմամբ ուղղված է հավասարակշռված գործընկերային հարաբերությունների և փոխշահավետ համագործակցության»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Վրաստանն ինտենսիվ աշխատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ։
«Մեր նպատակն է նպաստել տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը, բարիդրացիությանը և տնտեսական զարգացմանը, այդ ուղղությամբ մենք ինտենսիվ աշխատում ենք, և դա մեր գլխավոր առաջնահերթություններից մեկն է։ Խաղաղ հարևանության նախաձեռնության շրջանակներում Վրաստանը արդյունավետ քայլեր է ձեռնարկել երկու հարևան երկրների միջև կառուցողական երկխոսության ուղղությամբ: Մենք պատրաստակամություն ենք հայտնում ապագայում ևս շարունակել մեր մասնակցությունն այս ուղղությամբ, քանի որ կարծում ենք, որ Վրաստանը բնական դեր է խաղում տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման գործում: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում ցանկացած պահի մեր արժեքավոր ներդրումն ունենալու համար: Մենք բոլորս լավ ենք հիշում Վրաստանի վարչապետի անձնական մասնակցությունն այդ գործընթացին և այն կոնկրետ արդյունքները, որոնք բերեցին նրա ջանքերը մեր երկու Հարավային հարևանների մերձեցման և, այսպես ասած, հարաբերությունների բարելավման ուղղությամբ»,-հայտարարել է Իլյա Դարչիաշվիլին։
News.am