Արման ԹԱԹՈՅԱՆ․ ԱՇՈՏՅԱՆԻ ԿԱԼԱՆՔԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԵՆԹԱՐԿՎԵՐ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գնահատմամբ՝ Արմեն Աշոտյանի խափանման միջոցի պայմանների խախտելու հիմքով ձերբակալման և կալանքի ներկայացնելու հետ կապված քննչական մարմնի հայտարարությունը և հրապարակած ձայնագրությունը պետք է լինեին համոզիչ։
«Հատկապես հաշվի առնելով, որ ձերբակալումը տեղի ունեցավ արդեն իսկ տևական ժամանակ նախաձեռնված վարույթով: Անհրաժեշտ էր ցույց տալ [հստակ] ազատությունից զրկելու հետ չկապված տևական ժամանակ ընտրված կոնկրետ խափանման միջոցի` բացակայելու արգելքի պայմանների և այդ պայմանները խախտելու միջև կապը:
Մարդու անձնական ազատության իրավունքի սահմանափակման համար պետությունն ակնհայտորեն պարտավոր է ապահովել իր գործողությունների հստակություն ու հիմնավորումների բարձր աստիճանը:
Այս պայմաններում կալանքի միջնորդության քննությունը պետք է ենթարկվեր հրապարակային քննության, առավել ևս, որ ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգիրքը տալիս է նման հնարավորություն: Ավելին, այս կարգավորումը նոր օրենսդրության հիմնարար արժեքներից է:
Կոնկրետ դեպքում չի կարող լինել նաև նախաքննության գաղտնիքի հարց, քանի որ քննչական մարմինն ինքը արդեն գործի հանգամանքները հանրայնացրել է:
Այս պարագայում հիմնավորման բեռը պետության պարտավորությունն է:
Քննչական մարմնի հայտարարությունն ունի նաև փաստաբանի ինստիտուտը վարկաբեկող և վտանգներ պարունակող ձևակերպումներ ու մասեր: Նման բնույթի հայտարարությունները, ձևակերպումները պետք է բացառվեն առհասարակ»,- Facebook-ում գրել է Թաթոյանը։
Հիշեցնենք՝ Արմեն Աշոտյանը երկու ամսով կալանավորվել է։ Նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ։