Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ԲԱՆԱԿԻՆ ՀԵՂԻՆԱԿԱԶՐԿԵԼՈՒ ՄԻՏՈՒՄԸ 2018 ԹՎԱԿԱՆԻՑ Է ՍԿՍՎԵԼ
Բանակին հեղինակազրկելու միտումը 2018 թվականից է սկսվել, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը։
«Ի վերջո, որևէ մեկը պետք է պատասխան տա չէ՞ Արցախի, հողերի, հսկայածավալ զինամթերքի կորստի համար, ՀՀ տարածքների օկուպացիայի, անվտանգության մակարդակը խայտառակ ձևի խոցելու համար։ Բնականաբար, այդտեղ բանակի խնդիրն է։ Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ պատերազմի օրերին Նիկոլը, չգիտեմ որտեղից, բունկերից էր, թե որտեղից, մի գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ գրել էր, որ՝ «անխախտելի է ՀՀ կառավարության և զինված ուժերի եղբայրությունը»։ Հիմա այդ նու՞յն Նիկոլն է դա գրել, թե էն մեկը, որ խորհրդարանում ասում է, որ սխալվել են, որ բանակին վստահել են։
Այդ մարդուց ոչ ոք գլուխ չի հանում։ Կապիտուլյանտը, որը դավադիր քաղաքականություն է վարում ու այսօր ժողովրդին աղետի է հասցրել և շարունակում է այդ աղետը խորացնել, նրան մեկնաբանել, նրան հղում անելով ինչ-որ քաղաքական հետևություններ անել, եզրակացություններ անել, կարծում եմ, ճիշտ չէ։ Պետք է ժողովրդի հետ արձանագրել, որ նրանք ամենամեծ սպառնալիքներն են, որից պետք է ազատվել։ Չի կարելի հիվանդությունը ներսում պահել և անընդհատ խոսել հիվանդության մասին, հետո խոսել, որ հիվանդությունը կբուժվի։ Հիվանդությունը պետք է հեռացնել օրգանիզմից»,-ընդգծեց Զաքարյանը։
Խոսելով հունիսի 20-ին 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի մասնակցության մասին՝ Զաքարյանը նշեց, որ դրանից պետք է սպասել ստերի, կեղծիքի, հոնգուր-հոնգուր լացի, էմոցիոնալ դրվագների, ճշմարտանման ստերի և լավ մշակված տեղեկատվական մանիպուլացիաների մի մեծ ծաղկեփունջ. «Նիկոլը հիմա մաքրում է իրեն բոլոր տիպի մեղքերից, չնայած չի կարողանալու։ Այդ մաքրության, կեղտից լողանալու հերթական ակցիան է լինելու այդտեղ։ Թե ինչքանով դա կհաջողվի, չեմ կարող ասել։ Ինչքանով գիտեմ, հասարակությանն այլևս չի հետաքրքրում Նիկոլը, ցավոք, նաև հասարակությանը ընդդիմությունն էլ չի հետաքրքրում։ Հիմա Նիկոլը գնալուց առաջ փորձում է իր բոլոր կեղծ «արդարացումները» տալ։ Ես վստահ եմ, որ ամսի 20-ին և՛ բանակն է մեղավոր լինելու,և ընդդիմությունը, և՛ ժողովուրդը, և՛ հայրենասերները, և՛ կռվածներն ու չկռվածները, սպաներն ու զինվորները, բոլորը, ռուսները, պարսիկներն ու ամերիկացիները, բոլորը՝ բացի Նիկոլից։ Իսկ բաց է լինելու նիստը, քանի որ, եթե փակ լինի, շոու չի լինի, դա ոչ մեկին պետք չի լինի։ Փակ թատրոնն ո՞ւմ է պետք։ Թատրոնները բաց են լինելու։ Գլադիատորական, կազմակերպված մարտերը, պետությունը քարուքանդ անող հիմար զրույցները բաց պետք է լինեն, որպեսզի հասարակությունից փորձեն էմոցիա գողանալ, որը, վստահ եմ, որ չի ստացվելու։ Սա 2018, 2019, ոչ էլ 2020 թիվն է։ Մի խաղաղություն էր մնացել, որին ժողովուրդը շատ էր ուզում հավատար, դա էլ խաբեցին, էլ չգիտեմ ինչպես կարող են ժողովրդին խաբել»։
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ գուցե, այն է եղել իրենց ամենամեծ սխալը, որ վստահել են բանակին։