Աբբաս ՋՈՒՄԱ․ Ի՞ՆՉ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ ԿՍՏԵՂԾԻ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՎ ԱՆՑՆՈՂ ՄԻՋԱՆՑՔԸ

Էրդողանի մեղադրանքներն Իրանին, թե նա խոչընդոտում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, չեն հանում Անկարայից և Բաքվից Հայաստանի հասցեին հնչող մեղադրանքները։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է միջազգային լրագրող Աբբաս Ջուման։

Նրա խոսքով, Երևանը դեռևս էքզիստենցիալ հակառակորդ է Թուրքիայի և Ադրբեջանի համար, որը, նրանց կարծիքով, արդեն պարտված է։

«Նրանք Հայաստանին որպես դերակատար չեն ընկալում։ Բայց Իրանը իսկապես խնդիր է, քանի որ այն հզոր տարածաշրջանային պետություն է, հզոր բանակով և հստակ, ամուր դիրքորոշմամբ, այդ թվում՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում»,- ասաց նա։

Թեհրանում, ինչպես հիշեցրել է Ջուման, բազմիցս հայտարարություն է արվել, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նախագիծը հակասում է Իրանի ազգային շահերին, քանի որ այս դեպքում Իրանը կարող է կորցնել ուղիղ սահմանային հաղորդակցությունը Հայաստանի հետ, հետևաբար, կարող է ընդհանուր առմամբ, կորցնել ազդեցությունը ողջ Կովկասում։

«Սա ինքնաբերաբար սպառնալիք կստեղծի ՆԱՏՕ-ի կողմից, Իսրայելի կողմից: Բացի այդ, դա հղի է տնտեսական վնասներով։ Իրանը նաև կարող է կորցնել իր ռազմավարական նշանակությունը և իր դերը Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ, կամ գոնե կնվազի Իրանի դերն այս հսկա նախագծում:

Իրանցիները բազմիցս ասել են, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն իրենց կարմիր գիծն է։

Այսօր Իրանը կարող է դիմակայել դրան՝ շնորհիվ տարածաշրջանում իր դիրքի, ամենահզոր բանակի և պետության գլխին կանգնած իշխանությունների՝ Իրանի ազգային շահերի հետապնդման շնորհիվ։ Սա իշխանություն է, որը հստակ գիտակցում է, արտահայտում է իր ազգային շահերը և պաշտպանում դրանք բոլոր հասանելի միջոցներով։

Էրդողանի հայտարարությունն արվել է հենց այս կապակցությամբ: Կարևոր է նաև հասկանալ, որ հայտարարությունն արվել է Բաքվի և Թեհրանի հարաբերությունների խիստ վատթարացման համատեքստում»,- հավելել է լրագրողը։

Արամ Դանիելյան, News.am