Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱԼԻԵՎԸ ԹԻՐԱԽԱՎՈՐՈՒՄ Է ԱՐՑԱԽՆ ՈՒ ՀՀ-Ն, ՓԱՇԻՆՅԱՆՆ ԷԼ ՆԵՐՍԻՑ ՀԱՐՎԱԾՈՒՄ Է ՄԵՐ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԻՄՆԱՍՅՈՒՆԵՐԻՆ

Արցախն այս պահին չի ստանում անգամ հումանիտար բեռներ, ծանր հիվանդները զրկված են Երևան տեղափոխվելու հնարավորությունից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

«Ադրբեջանի գործողությունները, պաշտոնական հաղորդագրությունները, տարածվող թեզերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը փորձում է կրկին լարել իրադրությունը և՛ Արցախի, և՛ Հայաստանի ուղղություններով: Ցավոք, այս բարդ ու ճակատագրական պահին հանրությանը ճիշտ ուղերձներ տալու և համարժեք քայլեր ձեռնարկելու փոխարեն, Փաշինյանն ու նրա կառավարությունը շարունակում են շրջանառության մեջ դնել մեր պետականության հիմքերը թիրախավորող թեզեր: «Կադաստրային թղթից» մինչև Մասիս սարը Արագածով փոխարինելու թեզերը մեկ նպատակ են հետապնդում՝ թույլ չտալ մեզ գիտակցել ստեղծված իրավիճակի լրջությունը:

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին հայտարարություններից հետո Փաշինյանը սկսեց հանդես գալ ելույթներով, որոնցով փորձում է հարցականի տակ դնել հայոց պետականության գոյությունն առհասարակ: Ես բազմիցս եմ նշել, որ Արցախից հրաժարումը կործանարար է լինելու հայոց պետականության համար: Փաշինյանը իր գործողություններով ապացուցում է դա: Ստացվում է, որ մինչ Ալիևը թիրախավորում է Արցախն ու Հայաստանը, Փաշինյանն էլ ներսից հարվածում է մեր արժեքային համակարգի հիմնասյուներին՝ բանակ, կրոն, պետականություն, պատմական հիշողություն, Ցեղասպանության ճանաչման կարևորություն, Արցախի հիմնահարց... Իրականացվում է այնպիսի քաղաքականություն, որը թուլացնում է մեր դիմադրողականությունը, փորձում կոտրել մեր ազգային արժանապատվությունը:

Այս օրհասական ու ճակատագրական պահին կարևոր է, որ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում մենք սթափ դատողություններ անենք, չտրվենք տեղեկատվական ու հոգեբանական սադրանքներին, չգնանք կեղծ օրակարգերի հետևից: Մենք ունենք ներուժ պահպանելու Արցախն ու այս իրավիճակից հանելու Հայաստանը: Մենք պարտավոր ենք գնալ այդ ճանապարհով, քանի որ հակառակ դեպքում՝ կանգնելու ենք պետականության կորստի առաջ ու դրա գլխավոր մեղավորը լինելու ենք հենց ինքներս»,- գրել է նա:

News.am