Կոստանյան․ Ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում այս պահին դեռ որևէ արդյունք չկա
Տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում այս պահին դեռ որևէ արդյունք չկա։ ՀՀ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը` անդրադառնալով ապաշրջափակման հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքներին։
«Թե՛ապաշրջափակման, թե՛ սահմանազատման, թե՛ սահմանների անվտանգության թեմաներով, թե՛խաղաղության պայմանագրի կամ երկու երկրների միջև հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի քննարկումների պարագայում հայկական կողմը մշտապես պատրաստ է հանդիպումներ իրականացնել, քանի որ մենք շահագրգռված ենք այս բոլոր երեք ուղղություններով արդյունքներ գրանցելուն։ Այս պահին դեռ որևէ արդյունք չկա»,– հայտարարեց նախարարի տեղակալը։
Ըստ նրա` եթե մինչ օրս մեզ չի հաջողվել թղթի վրա ֆիքսել, որ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում, բնականաբար, ապակառուցողական կողմն Ադրբեջանն է։ Կոստանյանը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ապաշրջափակման բոլոր դետալները, այդ թվում նաև անվտանգության հարցերը, պետք է որոշվեն ՀՀ ինքնիշխանության և իրավազորության սահմաններում։
«ՀՀ–ն միշտ շահագրգռված է եղել և կառուցողական է եղել` իրականացնելու ապաշրջափակման գործընթացը։ Մենք հետաքրքրված ենք տարածաշրջանում ենթակառուցվածքների և տրասնպորտային ուղիների ապաշրջափակմամբ, քանի որ կարծում ենք, որ հայկական խաչմերուկ ծրագիրը մեծ պոտենցիալ ունի` հաշվի առնելով նաև այն աշխարհաքաղաքական և լոգիստիկ խնդիրները, որոնց այսօր աշխարհը բախվում է»,– ընդգծեց Կոստանյանը։
Ըստ նրա` թե՛ ՀՀ սուվերեն տարածքի վրա կրակոցները, թե՛ իրավիճակի լարումը ԼՂ–ում, միանշանակ չեն աջակցում տարածաշրջանում կայունության և խաղաղության հաստատմանը և կասկածի տակ են դնում Ադրբեջանի հայտարարություները, թե իրենք իրապես հետաքրքրված են խաղաղության և կայունության հաստատմամբ։
Sputnik Արմենիա