Դատախազությունը պահանջում է Արթուր Գևորգյանից բռնագանձել շուրջ 2 մլրդ դրամ և անշարժ գույք

ՀՀ դատախազությունն ԱԺ նախկին պատգամավոր, Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Արթուր Գևորգյանից պահանջում է բռնագանձել շուրջ 2 մլրդ դրամ, ԱՄՆ-ում և ՀՀ-ում գտնվող անշարժ գույքը։ Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

Մասնավորապես, գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը դատարանից պահանջում է Արթուր Գևորգյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել

- Հայաստանի Հանրապետությունում և Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող 2 անշարժ գույք, 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը` շուրջ 409 մլն դրամ։

- Շուրջ 1 մլրդ 57 մլն դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 925 մլն դրամ՝ որպես բարեխիղճ ձեռք բերողների փոխանցված և չնույնականացվող ապօրինի միջոցների արժեք։

- Ֆիզիկական անձից դեբիտորական պարտքի պահանջի իրավունք՝ 56 մլն դրամի չափով:

Նշենք, որ Արթուր Գևորգյանը 2009-2012թթ. եղել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար: 2013 թ. ընտրվել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ։ 2012 և 2017 թթ մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ԱԺ պատգամավոր։

2018 թ դուրս է եկել ՀՀԿ կուսակցությունից ու հեռացել քաղաքականությունից։

Sputnik Արմենիա