Օմբուդսմեն․ Ադրբեջանցիների հետ բանակցությունները վարում են խաղաղապահները, Արցախի ներկայացուցիչը չի մասնակցում

Այժմ ռուս խաղաղապահները բանակցում են ադրբեջանցիների հետ, Արցախի ներկայացուցիչը չի մասնակցում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նա ասաց, որ հումանիտար խնդիրը ներկայացվել է ռուս խաղաղապահներին, և Արցախում ակնկալում են, որ նրանց միջամտությամբ և միջնորդությամբ հարցը կլուծվի, մարդասիրական փոխադրումները կվերականգնվեն։

«Մեր ակնկալիքները կապված են ոչ միայն ռուս խաղաղապահների, այլ միջազգային կազմակերպությունների հետ»,- նշեց Ստեփանյանը։

Միջազգային պատշաճ արձագանքի բացակայությունը մի իրավիճակում, երբ 120 հազար մարդ ամբողջովին կտրված է արտաքին աշխարհից, նա աբսուրդ է անվանել։

«Մենք ակնկալում ենք, որ միջազգային ճնշման ներքո Ադրբեջանը կվերականգնի առնվազն հումանիտար փոխադրումները՝ Արցախում հումանիտար աղետից խուսափելու համար»,- ընդգծել է Արցախի օմբուդսմենը։

Նա նկատեց, որ վերջին շրջանում Բաքվի կողմից հրադադարի խախտման դեպքերի աճ է գրանցվել։ Ադրբեջանն այս կերպ փորձում է նաև միջամտել գյուղատնտեսական աշխատանքներին, ինչը մարդկանց զրկում է եկամտի աղբյուրից և վնասում է շրջափակման մեջ գտնվող տեղական արտադրությանը։

«Բնակչության հոգեբանական վիճակը խոցելի է, տիրում է անորոշության մթնոլորտ։ Արցախն ամբողջությամբ զրկված է ցանկացած մարդասիրական օգնությունից, Հայաստանի հետ բոլոր հաղորդակցությունները դադարեցված են։ Սա հումանիտար ճգնաժամի խորացման վտանգ է ներկայացնում։ Սննդի շուկայում առկա է միայն տեղական արտադրության արտադրանք, որը չի կարող բավարարել ներքին պահանջարկը։ Դեղերի պակաս էլ կա»,- ասաց Ստեփանյանը։

Նա հիշեցրել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո Արցայում մահացել է 21 մարդ, այդ թվում՝ երեք խաղաղ բնակիչ։