«ԱՐՑԱԽԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱԿԱՏԸ» ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԼԻԱԿԱՏԱՐ ՊԱՇԱՐՄԱՆ ԱՆՏԵՍՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Արդեն հինգ օր է, Արցախը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է անգամ ծանր հիվանդների տեղափոխման և հումանիտար բեռների ներկրման համար:

«Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»-ը դատապարտում է Արցախի լիակատար պաշարման փաստի անտեսումը միջազգային հանրության կողմից:

Արցախի Հանրապետության 120 հազար քաղաքացիների, այդ թվում՝ 30 հազար երեխաների, 20 հազար տարեցների և հարյուրավոր անհետաձգելի բուժման կարիք ունեցող հիվանդների՝ օրեցօր խորացող հումանիտար խնդիրներին դեկլարատիվ հայտարարություններով արձագանքելը և Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի կոպիտ խախտումներն անհետևանք թողնելը համարում ենք միջազգային կազմակերպությունների կողմից երկակի ստանդարտների կիրառում և իր հայրենիքում ապրող բնիկ ժողովրդի հանդեպ էթնիկ զտումների ու ցեղասպանական նկրտումների իրագործման խրախուսում:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված իրավունքը «Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության» անհասկանալի ձևակերպմամբ փոխարինած Հայաստանի Հանրապետության իշխանությունները փաստացի Արցախը տանում են դեպի բռնակցում Ադրբեջանին:

Անընդունելի է նաև, որ Արցախի Հանրապետության իշխանությունները, դուրս մնալով սեփական ժողովրդի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ բանակցություններից, սահմանափակվում են միայն հումանիտար աղետը կանխելու նպատակով բնակչությանը «խիստ տնտեսման» կոչեր հղելով:

Արցախը Հայաստանին և աշխարհին կապող ճանապարհին տեղադրված ադրբեջանական անցակետը 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ակնհայտ խախտում է, ուստի, պահանջում ենք Ռուս խաղաղապահ զորակազմից՝ ապահովել նշյալ հայտարարությամբ ամրագրված դրույթների կատարումը՝ անհապաղ ապաշրջափակելով միջանցքը:

Կոչ ենք անում հայկական բոլոր կազմակերպություններին և ազգային կառույցներին, աշխարհի տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցներին՝ բողոքի ձայն բարձրացնել Արցախի ժողովրդին պատուհասած աղետի կապակցությամբ և դիմել իրենց նստավայր երկրների կառավարություններին ու խորհրդարաններին՝ Ադրբեջանի դեմ միջազգային պատժամիջոցներ կիրառելու պահանջով:

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում ենք ձեռնարկել հայ ժողովրդի առջև ստանձնած պատասխանատվությունից բխող անհետաձգելի գործողություններ՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի ինքնիշխանությունը:

Մենք բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու ենք հայրենիքում ազատ ապրելու մեր իրավունքի համար և Արցախի Հանրապետության դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն արժանանալու է համարժեք պատասխանի»։

News.am