Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ․ ԱՄԵՆ ՕՐ ՏԵՍԱԿՑՈՒՄ ԵՄ ՊԱՐՈՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ, ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐՏԱԿԱՆ Է, ԲԱՑԱՐՁԱԿ ԸՆԿՃՎԱԾ ՉԷ
Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի տրամադրությունը մարտական է, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Ամեն օր էլ տեսակցում եմ պարոն Աշոտյանին, տրամադրությունը նորմալ է, մարտական, բացարձակ ընկճում չկա, վախ չկա։ Նա քաղաքական բանտարկյալ է, բնականաբար, գիտեր, որ իրեն հետապնդելու, նաև կալանավորելու են։ Ուստի ոչ մի անակնկալ չկար։ Չասեմ, որ լավ է, քանի որ մարդը բանտում է, բայց տրամադրությունը մարտական է և ժպիտը՝ դեմքին», - ասաց Տիգրան Աթանեսյանը։
Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող՝ «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում կատարված առերևույթ չարաշահումներին վերաբերող քրեական վարույթի շրջանակներում, հիմքը խափանման միջոցի պայմանները խախտելն է եղել։
Ավելի վաղ Արմեն Աշոտյանն ասել էր՝ ակնհայտ քաղաքական աստառով հերթական գործն են ուզում «կարել» իր վրա: