ԱՐՑԱԽԸ ՄԵԾ ԴԺԲԱԽՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է. ՄԻ՛ ԼՌԵՔ

Այսօր արդեն վեցերորդ օրն է, ինչ Արցախի շրջափակումը դարձել է ամբողջական և կոշտ. սադրանք կազմակերպելով Հակարի կամրջի վրա և համարժեք պատասխան ստանալով հայկական զինված ուժերի կողմից, Բաքվում որոշել են արգելել Բերձորի միջանցքով նույնիսկ այն սահմանափակ փոխադրումները, որոնք գոնե ինչ-որ կերպ պահպանում էին կյանքը պաշարված հանրապետությունում: Վեցերորդ օրն է, ինչ Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ արգելվում է նույնիսկ ռուս խաղաղապահների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեքենաների երթևեկությունը՝ մարդասիրական բեռներով և ծանր հիվանդներով…

Հանրապետությունն անցել է խիստ խնայողության ռեժիմի, սոցցանցերի օգտատերերը գրում են վաճառասեղաններից սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների անհետացման մասին: Առողջապահության նախարարությունը հաղորդում է դեղորայքի պակասի, բոլոր ոչ հրատապ հետազոտությունների և վիրահատությունների հետաձգման մասին: Տրանսպորտը կանգ է առել, գյուղացիները չեն կարողանում իրենց արտադրանքը բերել քաղաք, իրենք էլ վախենում են մնալ առանց սննդի։ Այն, ինչ կա, վաճառվում է խելահեղ գներով, բայց սա առանձին թեմա է և առանձին հարց հանրապետության ղեկավարությանը, որին առհասարակ բազմաթիվ հարցեր կան ուղղելու։

Աշխարհը լռում է: Եվ դա սկզբունքորեն հասկանալի է. այն աշխարհի ընկալմամբ, որին հետաքրքրում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները, հայերը միանգամայն համամիտ են իրենց իշխանությունների հետ այն հարցում, որ Արցախը Ադրբեջանի մասն է։ Եթե հայերը լռում են և չեն ըմբոստանում դրա դեմ, ուրեմն իրենց համար միևնույնն է, թե ինչ կլինի Արցախի հետ։ Ուրեմն ինչո՞ւ պիտի աշխարհն ըմբոստանա և պահանջի Ադրբեջանից դադարեցնել չճանաչված հանրապետության հայերի ցեղասպանությունը, եթե նույնիսկ ճանաչված Հայաստանում ապրող հայերը դա չեն պահանջում։

Թեպետ, ոմանք չեն լռում: Այսպես, երկու օր առաջ եվրոպահայերը բաց նամակ են նախաձեռնել Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելին՝ կոչ անելով նրան վերջ տալ Արցախում հումանիտար աղետին։ Իսկ օրերս հայտարարություն տարածեցին Ֆրանսիայի ավելի քան 170 պատգամավորներ. «տագնապի ահազանգ», ինչպես իրենք են անվանել։ Հայաստանից և Արցախից հարյուրավոր կիլոմետրեր հեռու ապրող մարդիկ, ազատ և բարեկեցիկ երկրի քաղաքացիները պահանջում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրել՝ երաշխավորելու «Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտման ցանկացած գործընթացի բացառումը», ինչպես նաև նրանց ինքնորոշման իրավունքի վերականգնումը՝ որպես «կյանքի և արժանապատվության հիմնարար իրավունքի գլխավոր երաշխիք՝ դիմակայելու ռասայական ատելության հիմքի վրա կառուցված ադրբեջանական պետությանը»:

Նաև ռուսաստանցի ըմբիշ Էդուարդ Վարդանյանը նվիրեց իր հաղթանակը «շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախահայերին» և այդ մասին հայտարարեց ի լուր ողջ դահլիճի: Իսկ ֆրանսիացի հռչակավոր ֆուտբոլիստ Օլիվյե Ժիրուն վաճառեց իր չեմպիոնական մարզաշապիկը և փոխանցեց միջոցները որպես օգնություն արցախցիներին: Facebook-ի հայ օգտատերերը եռանդով և ուրախությամբ տարածում էին այդ հաղորդագրություններն ու տեսանյութերը։

Թերևս՝ այսքանը։ Դե, գումարած ընդդիմադիր հայ պատգամավորների ու փորձագետների մի քանի գրառումներ սոցցանցերում։ Հայաստանը լռում է, ընդ որում բնակչության մտածող մասը շատ լավ հասկանում է իրավիճակի ողջ ողբերգականությունը և, իհարկե, կարեկցում արցախցիներին, բայց այնպես, իմիջիայլոց։ Այ, ֆուտբոլի մեր հավաքականը հաղթում է. ինչպիսի՜ ուրախություն: Ուրախություն. այո, հավանաբար: Բայց 120 հազար հայեր իսպառ մեկուսացված են արտաքին աշխարհից, զրկված ամեն անհրաժեշտից, նրանցից 30 հազարը՝ երեխաներ... Ի՞նչ գրողի տարած ֆուտբոլ:

Հասկանալի է, որ ժողովուրդը մեծամասամբ հիասթափված Է ընդդիմությունից, որը կարծես թե ամեն ինչ արեց փողոց դուրս գալու և պայքարելու ցանկությունը մարդկանց մեջ կոտրելու համար: Հասկանալի է, որ այսպես կոչված մտավորականությունն ընդունել է ջայլամի չափազանց հարմար կեցվածք, անջրպետվել տեղի ունեցող ամենից «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում» ցինիկ արտահայտությամբ և շարունակում է նորմալ ու հանդարտ կյանք վարել՝ ջանադրաբար չնկատելով Հայրենիքի և պետականության կորստի, Հայաստանի թուրքացման ամենաիրական վտանգը։ Եվ առաջվա պես բերանը ջուր է առել, որպեսզի չկորցնի իր այն 30 արծաթը, որ իշխանությունը նետում է իրեն՝ լռության համար։ Կո՞շտ է ասված։ Այո։ Բայց 120 000 հայեր լիակատար շրջափակման մեջ են և դավաճանի կողմից հանձնված թուրքի ձեռքը. սա ինչ է, կոշտ չէ՞։

Եվ ախր խոսքն արդեն նույնիսկ քաղաքականության և իշխանության մասին չէ։ Խոսքը արտաքին աշխարհից ամբողջովին կտրված մեր հայրենակիցների, տասնյակ հազարավոր հայ երեխաների բառացիորեն կյանքի մասին է։ Բայց Հայաստանում ոչ մի կառույց. լինի դա քաղաքական կուսակցություն, թե հասարակական կազմակերպություն, ոչ մի «ստեղծագործական միություն», ոչ մի բուհ, ոչ մի գիտական ինստիտուտ և ընդհանրապես ակադեմիա (պետք է ենթադրել, որ տվյալ հաստատությունը և դրա ակադեմիկոսները համամիտ են, որ Արցախը Ադրբեջանի մաս է), ՈՉ ՈՔ հանդես չեկավ նման իրավիճակի անընդունելիության մասին հայտարարությամբ։ Ոչ ոք չի պահանջում դե ֆակտո իշխանություններից, միջնորդներից, միջազգային կազմակերպություններից վերջ տալ 21-րդ դարում «քաղաքակիրթ» աշխարհի աչքի առաջ տեղի ունեցող ցեղասպանությանը։

Ժողովուրդ, մենք բոլորս անտարբե՞ր ենք, թե ինչ է լինելու արցախցիների հետ։ Մենք այլևս ոչ մի բանի համար չե՞նք ամաչում, մի՞թե մենք արդեն դարձել ենք հենց այն մանկուրտները, որոնց մասին երազում է Նիկոլը՝ Ալիևի ու Էրդողանի հետ միասին։ Ի՞նչ իրավունք ունենք մենք զայրալից դատապարտելու «համաշխարհային հանրությանը» հայ ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբերության համար, եթե ինքներս անտարբեր հետևում ենք, թե ինչպես է ընթանում մեր մի մասի, մեր Հայրենիքի, մեր մշակույթի, պատմության, մեր ամեն ինչի ոչնչացումը…

Աշխարհը լռում է հենց այն պատճառով, որ աշխարհի 10 միլիոն հայեր լռում են Հայոց ցեղասպանության շարունակության, Արցախը նոր Արևմտյան Հայաստան դարձնելու, Ամարասի, Գանձասարի հավանական ոչնչացման, մեր բազմաթիվ գանձերի ու գլուխգործոցների արդեն իսկ իրականացված գործնական ոչնչացման մասին: Նշեք թեկուզ մեկ նշանավոր հայի անուն, որն այս օրերին ձայն է բարձրացնում և գոչում Արցախի ու արցախցիների փրկության մասին: Թեկուզ մեկի:

Ուրիշ էլ ի՞նչ պետք է լինի, որ ազգի կիրթ, մտածող, տարրական խիղճ ու պատասխանատվության զգացում ունեցող մասը վերջապես ոտքի կանգնի ի պաշտպանություն Արցախի: Նույն այն Արցախի, որը դեռ մի քանի տարի առաջ մեր սրբությունն ու հպարտությունն էր, որը պաշտպանելու նետվեցին 2020թ. սեպտեմբերի 27-ին հազարավոր ու հազարավոր հայաստանցիներ՝ մի պահ անգամ չվարանելով և մեկ մտքով. Հայրենիքը վտանգված է... Վախենամ, որ եթե նույնիսկ, Աստված մի արասցե, թուրքը վաղը կոտորած սկսի Արցախում, բազմաթիվ երևանցիներ, այդ թվում՝ ամենախորամիտ «մտավորականներ» ու «ինտելիգենտներ», կշարունակեն հանգիստ նստել Կասկադի սրճարաններում ու փիլիսոփայական դատողություններ անել կյանքի իմաստի և այն մասին, թե որքան անարդար է կառուցված այս աշխարհը…

Ես սիրում եմ իմ ժողովրդին և ամենևին չեմ ցանկանում մեղադրել նրան հայրենակիցների ճակատագրի հանդեպ անտարբերության մեջ։ Արցախն ու Հայաստանը մեկ ամբողջություն են և մեկ ժողովուրդ, մենք կարող ենք պաշտպանել և պահպանել մեկ Հայրենիք, ինչպեսև կորցնել այդ մեկը։ Ընդամենը երկուսուկես տարի առաջ մենք բոլորս միասին ապրեցինք սարսափելի աղետ, ազգային ահավոր ողբերգություն և միասնական էինք մեր վշտի մեջ: Ի՞նչ է պատահել այսօր, եթե մենք հանգիստ նայում ենք, թե ինչպես են թուրքերը՝ արտաքին ու ներքին, խեղդում մեր Արցախը, Հայրենիքի այն նույն հատորը, հանուն որի իրենց կյանքն են զոհել մի քանի հազար երիտասարդներ։

Ի՞նչ է կատարվել, եթե անասելի ծավալված Եռաբլուրն այդպես էլ չդարձավ կոչնազանգ, իսկ ազգային աղետի մասին ցանկացած հիշեցում շատերի մոտ առաջացնում է նյարդայնություն և սեփական հարմարավետ, բայց մահացու պատյանում փակվելու ձգտում:

Անշուշտ, ասված ամենը չի վերաբերում այն իսկական հայերին, որոնք չեն լռում, չեն հանձնվում և անդադրում աշխատում են Հայաստանի և Արցախի փրկության համար: Բարեբախտաբար, այդպիսիք այնքան էլ քիչ չեն: Բայց մնացյալ բոլորը... Եթե չեք ուզում հայ լինել, գոնե մա՛րդ մնացեք: Եթե չեք ուզում պայքարել, գոնե մի՛ լռեք։ Եթե չեք ուզում թուրք դառնալ՝ փրկե՛ք Արցախը։