ՇՈՒՇԻԻ ՆԱԽԿԻՆ ՔԱՂԱՔԱՊԵՏ․ ԱՆՀՆԱՐ ԷՐ, ՈՐ ԹՈՒՐՔԸ ԳԱՐ ՄՈՏ 6000 ՀԱՅ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՊՐԵՐ
Անհնար էր, որ թուրքը գար մոտ 6000 հայ բնակչության հետ ապրեր, «Առավոտի» հետ զրույցում հայտարարել է Շուշիի նախկին քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2020 թվականի պատերազմի օրերին ադրբեջանական կողմը առաջ է քաշել նախապայման, ըստ որի՝ ադրբեջանցի փախստականները, որոնք հակամարտությունից առաջ կազմել են Շուշիի բնակչության 90%-ը, պետք է վերադառնային Շուշի:
«Հետո՞ ինչ, որ հակամարտությունից առաջ Շուշիի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել, Շուշին բուն հայկական քաղաք է՝ իր ճարտարապետությամբ, ամեն քարով։ Հայերին կոտորելուց հետո՝ եկել լցվել են Շուշի, սկսել են շատանալ։ Ես կարծում եմ, որ Շուշիի հանձնումը սկսվել է հենց Հադրութից, եթե Հադրութում դեմները կանգնեին, Հադրութը չհանձնվեր, Շուշին չէր հանձնվի։ Մարտունու գյուղերում, եթե կանգնեին ու դիմադրեին, նրանք չէին հասնի Շուշի»,-ասել է Սարգսյանը։
Նա շեշտել է՝ եթե ասեմ Շուշիի համար մարտեր չեն ընթացել, սուտ կլինի, մարտնչել են, այնպես չէ, որ հեշտությամբ են վերցրել, ինքն այնտեղ է եղել։
«Ուղղակի չգիտեինք, որ ծրագիրն այսպես էր՝ պետք է գային հասնեին Շուշի, որ կռիվը կանգներ»,-նշել է Արծվիկ Սարգսյանը։
Նախկին քաղաքապետի կարծիքով՝ հայկական իշխանությունները պետք է հարց բարձրացնեին, որ Շահումյանը, Գյուլիստանը, Գանձակը, Սումգայիթը հայկական են եղել ու ասեին՝ այդքանը տվեք, որպեսզի մենք էլ ասենք՝ թող փախստականները գան ապրեն։
Անդրադառնալով Արցախի շրջափակման փաստին՝ նա փաստել է՝ Հայաստանի իշխանությունները Արցախին մենակ են թողնել, որ Ստեփանակերտն ուղիղ կապի մեջ մտնի Ադրբեջանի հետ ու սկսի բանակցել։ Ու եթե 90-ականների սկզբին Բերձորի միջանցքը փակ էր, գոնե ինքնաթիռով ու ուղղաթիռով կապ կար, այսօր դա էլ չկա, 100 տոկոսանոց շրջափակում է։
«Թիզ առ թիզ ուզում են, ես արձագանք չեմ տեսնում, չգիտեմ, թե մեր ժողովուրդն ինչո՞ւ է այսպես ընկճվել ու քնել։ Ոտքի չեն կանգնում ու չեն ասում՝ եթե Արցախը տվեցինք, հաջորդը Հայաստանն է... Այսօր եթե Արցախը դիմադրում է, արցախցիների կյանքի գնով է, հատկապես այս օրերին, երբ սննդամթերքի պակասություն կա»,-շեշտել է նա։
Չնայած կառավարությունն ամեն ինչ անում է, որ գոնե նվազագույն կարիքները հոգա, բայց այսպես երկար չի կարող շարունակվել, ասել է Արծվիկ Սարգսյանը։
«Իրավունք» թերթին տված հարցազրույցում էլ նախկին քաղաքապետն անդրադարձել է 2020թ.– նոյեմբերին Շուշիի համար մղված մարտերի որոշ մանրամասներին և առեղծվածային անվանել ադրբեջանցի զինվորականների՝ հայկական ստորաբաժանումների թիկունքում հանգամանքը:
Նրա խոսքով, այն բանից հետո, երբ նոյեմբերի 4 - ին հակառակորդը վերահսկողություն սահմանեց Քարին Տակ գյուղի վրա և հայտնվեց Շուշիի մատույցներում, նա կարողացավ շրջանցել հայկական դիրքերը և որոշ ժամանակ անց կտրել Շուշի-Լիսագոր մայրուղին:
«Առեղծվածային պայմաններում Քարին Տակի զորքը ևս, չգիտես ում հրամանով, դուրս էր բերվել։ Մնացել էին գյուղի կռվող տղաները` 30-35 հոգի: Զորքի դուրս բերելուց անմիջապես հետո հակառակորդի տեխնիկան գալիս, կանգնում է մեր զորքի տեղը ու սկսում կրակահերթ արձակել ճանապարհի վրա»,– ասել է նա։
Սարգսյանը համոզված է, որ եթե հայկական կողմը կարողանար պաշտպանել Քարին Տակը, ապա հակառակորդին չէր հաջողվի գրավել Շուշին ։
Քաղաքապետը պատմել է, որ նոյեմբերի 4-ին, երբ ընկավ Քարին Տակ գյուղը, բոլորը սպասում էին, որ հավելյալ ուժեր կգան օգնության և հայկական ուժերին կհաջողվի կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Սակայն սպասումները չարդարացան, ավելին ՝ նոյեմբերի 5-ին լեռնաշղթայի վրա տեղակայված հրետանին էլ արդեն չկար։
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ի երեկոյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Շուշիի համար մարտերը շարունակվում են։ Սակայն ժամեր անց հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել` ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։