Փաշինյանը փորձում է բոլոր ձևերով մեղքն ուրիշների վրա գցել. Քոչարյանի գրասենյակի արձագանքը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, գուցե հասկանալով, թե ուր է հասցրել Արցախը և Հայաստանը, փորձում է բոլոր հնարավոր և անհնար միջոցներով մեղքը գցել ուրիշների վրա: Այս հայտարարությունը տարածել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը` արձագանքելով Փաշինյանի` ԱԺ–ում հնչեցրած հայտարարություններին։
Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ, քանի որ վերջին 10 տարում ՀՀ քաղաքացի չէր համարվել և այդ պաշտոնը զբաղեցրել էր լեգիտիմության լիակատար բացակայությամբ։
Նա նաև ընդգծել էր, որ Քոչարյանը ԼՂ միջազգային կարգավիճակը զոհել է լեգիտիմություն ձեռք բերելու համար։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ Քոչարյանի մոտիվացիան է եղել ԼՂ–ն դուրս թողնել բանակցություններից։
Միկոյանը հայտնել է, որ չնայած բազմիցս փաստերով անդրադարձել են այդ մեղադրանքների կեղծ լինելուն, ստիպված են ևս մեկ անգամ կրկնել։ Նա կետ առ կետ անդրադարձել է Փաշինյանի ասածներին։
1․ Նախագահի ընտրությանը մասնակցելու համար 10 տարի քաղաքացի հանդիսանալու մասին
1998 թվականի դրությամբ ՀՀ–ում չկար որևէ մարդ, որը կունենար առնվազն վերջին 10 տարվա ՀՀ քաղաքացիություն, քանի որ մինչև 1991 թվականը, այսինքն՝ մինչև ԽՍՀՄ փլուզումը, կար մեկ ընդհանուր՝ ԽՍՀՄ քաղաքացիություն։
2․ Արցախը բանակցային գործընթացից դուրս թողնելու մասին
1997 թվականի ապրիլի 1-4-ը տեղի է ունեցել հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների վերջին տուրը, որտեղ միջնորդների կողմից հայտարարվել է «մաքոքային դիվանագիտության» անցման մասին: Ըստ էության, համանախագահողները հրաժարվել էին կողմերի մասնակցությամբ բանակցությունների ֆորմատից՝ հաշվի առնելով դրա անարդյունավետությունը: Այդ վերջին հանդիպմանը նույնիսկ ավանդական ընթրիքի ժամանակ չի հաջողվել կողմերին նստեցնել ընդհանուր սեղանի շուրջ:
Այդ ժամանակ արդեն ավելի քան 1.5 տարի ուղիղ բանակցություններ էին վարվում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների խորհրդականներ Լիպարիտյանի և Գուլուզադեի միջև։
Այսպիսով, հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների ֆորմատը կասեցվել է դեռ 1997 թվականի ապրիլից, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռ մեկ շաբաթ էր, ինչ ՀՀ վարչապետ էր։ 2 տարի հետո նոր տեղի է ունեցել նախագահներ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը` Բորիս Ելցինի նախաձեռնությամբ։
1998-2018 թվականներին ՄԽ համանախագահները գրեթե բոլոր տարածաշրջանային այցերի ժամանակ մեկնել են Արցախ և բանակցել Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարության հետ, իսկ 2018-ից հետո՝ զրո անգամ:
3. «Ընդհանուր պետության» գաղափարը եղել է ռուսական կողմի առաջարկության հիման վրա մշակված տարբերակ, որն Ադրբեջանին ներկայացվել է Հայաստանից առաջ, և ներկայացնելու իսկ օրը՝ 1998 թվականի նոյեմբերի 9-ին, կտրուկ մերժվել Ադրբեջանի կողմից: Վաֆա Գուլուզադեն նույն նոյեմբերի 9-ի հարցազրույցում հայտարարել է, որ այդ առաջարկներն անընդունելի են Ադրբեջանի համար, քանի որ դրանք վտանգում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Իսկ նույն տարբերակը միանգամից մերժելու մասին Հեյդար Ալիևը հայտարարել է 2001 թվականի փետրվարի 21-ին՝ Ադրբեջանի խորհրդարանում ունեցած ելույթում՝ բացատրելով, որ չէր կարող ընդունել այն, քանի որ, մեջբերում եմ․ «Ադրբեջանում ասացվածք կա՝ սևից էլ սև: «Ընդհանուր պետության» առաջարկը նախկին բոլոր առաջարկներից էլ վատն էր: Ես հենց դրանց հետ ծանոթացա, միանգամից ասացի, որ չեմ ցանկանում դրանք նույնիսկ քննարկել: Դա Ադրբեջանի տարածքում երկրորդ պետության ստեղծում էր…»․ մեջբերման ավարտ:
Արդեն նոյեմբերի 10-ին Ադրբեջանից համանախագահները ժամանել են Հայաստան, և փաստորեն, մտքեր են փոխանակվել ընդամենը արդեն իսկ մերժված առաջարկի մասին:
4․ ԵԱՀԿ 1999 թվականի Ստամբուլյան փաստաթղթի մեջ ԵԱՀԿ տարածաշրջանում ԼՂ հակամարտությունը միակն էր, որի վերաբերյալ չէր շեշտվում տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, և դա մեծ դիվանագիտական հաղթանակ էր: Սա փաստ է, և ընդունված փաստաթղթին կարող են ծանոթանալ բոլորը:
5․ «Մեղրիի փոխանակման» մասին խոսելիս, նա/Նիկոլ Փաշինյանը/ մեջբերում է իր հոգևոր հայրերի, թիմակիցների և չինովնիկների խոսքերը և իր թերթում 2008 թվականի փետրվարին տպած մի հոդված՝ անվանելով դա «միջազգային մամուլի հրապարակում»: Ի՞նչ էր տեղի ունեցել իրականում. առաջարկի հեղինակը Ալիևն էր, և այն երբեք չի քննարկվել հակամարտության կողմերի հետ եռանախագահների ֆորմատում: Այդ առաջարկությունը մերժվել է հայկական կողմից: Մանրամասները նկարագրված են Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի 380-381 էջերում:
6. Քի Վեսթի 2001 թվականի Փաստաթղթով Արցախը Լաչինի միջանցքի հետ միացվում էր Հայաստանին։ Դրա փոխարեն տրվում էր ճանապարհ, այլ ոչ թե միջանցք: Այս փաստաթղթի մասին մանրամասն և պարզ գրված է «Կյանք և Ազատություն» գրքում և գրվածին ավելացնելու ոչինչ չկա: Ի միջի այլոց, այդ փաստաթուղթը նույնպես հրապարակված է, և ցանկացողները կարող են կարդալ:
7. Մադրիդյան փաստաթղթի մասին խոսել ենք բազմիցս․ միայն կրկնենք, որ այն առաջին բանակցային փաստաթուղթն է, որով միջազգային երաշխիքներով ճանաչվում էր Արցախի ինքնորոշման իրավունքը: Այդ փաստաթղթի այդ հատվածի՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեին հակադրելը բանակցային ամբողջ պատմության ընթացքում չէր անցել նույնիսկ ադրբեջանցիների մտքով: 1991 թվականի հանրաքվեն անց էր կացվել պատերազմի պայմաններում և առանց հեղինակավոր միջազգային կառույցների կողմից մանդատով օժտված դիտորդների: Նոր հանրաքվեն ամրապնդելու էր առաջինի արդյունքները՝ միջազգային կարգավիճակ հաղորդելով դրան:
Վերջում՝ պատմական փաստեր, որոնք անհնար է նենգափոխել.
• Նախագահ Քոչարյանը ղեկավարման ընթացքում Հայրենիքից նույնիսկ մեկ սանտիմետր հող չի զիջել թշնամուն, այլ հակառակը:
• Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակաշրջանը ամենից հանգիստ և խաղաղ ժամանակահատվածն էր ՀՀ պատմության մեջ:
• Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում առաջին անգամ միջազգայնորեն ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, իսկ Արցախի Հանրապետությունը արագ տեմպերով զարգանում էր:
• Նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում Ադրբեջանը մտքով անգամ չի անցկացրել, որ կարող է հարձակվել Հայաստանի և Արցախի վրա՝ իմանալով, որ պատժվելու է:
Sputnik Արմենիա