Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ․ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆՆ Է ՍԿՍԵԼՈՒ՝ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Որպես ռազմական փորձագետ, ռացիոնալ դատողությամբ մարդ, որ տեղյակ է նաև աշխարհի հարյուրավոր պատերազմներից, չեմ կարող պատերազմ ուզել։ Նիկոլական թեզ է, թե իր հակառակորդները պատերազմի կուսակցություն են, ռևանշիստներ են, ուզում են պատերազմ հրահրել։ Այդ թեզով Փաշինյանն աշխարհին ուզում է ցույց տալ, որ եթե իրենք հանկարծ գնան, միանգամից պատերազմ կսկսվի։ Թեպետ, պատերազմ, լայնածավալ ռազմական գործողություններ Ադրբեջանն է սկսելու՝ Փաշինյանին օգնելու համար, Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։

 

«Ակնհայտ է, որ բանակը քայքայելով պատերազմից չես խուսափի, ընդամենը կարճ ժամանակով պատերազմը ձգձգելով ավելի ծանր պարտության ես գալու։ Թուրքիային, Ադրբեջանին տարածաշրջանն առանց հայերի է պետք, որովհետև շատ լավ հասկանում են՝ երբ Իրանն ու Ռուսաստանն ուժեղանան, դարձյալ փորձելու են հայերի վրա «խաղադրույք դնել»։ Մենք անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք, հարցը ոչ թե պատերազմ անել-չանելն է, այլ պատերազմին պատրաստ լինելն է։ Եթե պատերազմին պատրաստ չլինենք, այդ պատերազմն անընդհատ մեր գլխին գալու է»։

Վրթանեսյանը հիշեցնում է՝ թշնամին զբաղեցրել է կարևորագույն բարձունքներ ՀՀ տարածքում. Կապան, Գորիս, Ջերմուկ քաղաքները վերահսկում է։ Հակառակորդին հնարավոր է այդ բարձունքներից հեռացնել, եթե գիտի, որ իրեն ջարդելու են այդտեղ, տեսնում է, որ արդեն բանակ կա և շարժ է տեսնում։ Ռազմական փորձագետն ընդգծում է՝ թշնամին դեռ կտրված է հիմնական ուժերից, հենց դրա համար է, որ փորձում են ժամանակ շահել՝ ենթակառուցվածքներ ստեղծելու համար։ Հիմա այս անվտանգային լրջագույն խնդիրները լուծելը պատերազմ ուզե՞լ է։

Aysor.am