Վիվա-ՄՏՍ. ԱՆՎՆԱՍ ՇՓՈՒՄ «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՎԻՎՆԵՐԻ» ԵՎ ԱՐՋԵՐԻ ՄԻՋԵՎ
Գիշերային ժամերին տարածքները հերթափոխով վերահսկելու պրակտիկան Վայոց ձորում տարիների պատմություն ունի: Ծուռթաթ արջերի ներխուժումն այնքան սովորական է դարձել, որ գյուղերում նրանց անակնկալ այցն ազդարարող ինքնաշեն միջոցներ են ստեղծվել: Բայց ո´չ ծառերին ամրացված սենսորային սարքերը, ո´չ էլ զգոնությունը բավարար չեն՝ բրդոտների հարձակումից ֆերմերային տնտեսությունները պաշտպանելու համար: Գետափ, Գլաձոր, Մալիշկա, Վերնաշեն գյուղերը և Եղեգնաձոր քաղաքը միավորող խոշորացված Եղեգնաձոր համայնքում արջերի այցից հետո միշտ մնում են ջարդված մեղվափեթակների լուսանկարներն ու ֆերմերների ֆինանսական կորուստները:
«Երկու տարի առաջ արջը մեղու տարավ՝ մի փեթակ հարևանից, 9 փեթակ մեր մեղուներից: Ինը մեղվաընտանիքից ամենաքիչը 170-200 կգ մեղր կստանայինք: Վնասվել են մեղվափեթակները, կորցրել ենք մեղվաընտանիքները: Սա լուրջ վնաս է ֆերմերի համար: Պայքարելու ոչ մի ձև չկա: Բնականաբար, իրավունք չունենք արջին վնասելու: Տեղյակ ենք, որ կան արևային էներգիայով սնուցվող էլեկտրական հովիվներ, որոնք մեծ արդյունավետություն են ապահովում: Մեղվապահ հարևաններ ունենք, որոնք համոզված են, որ այնտեղ, որտեղ տեղակայված են էլեկտրական հովիվները, ոչ մի վնաս չի լինում: Հիմա մեր գյուղի վերևում կա մեղվանոց: Երկու տարի առաջ, երբ արջը բոլորի մեղվափեթակները վնասում էր, այդ մարդկանցը ընդհանրապես չի վնասել»,-պատմել է մեղվապահի ընտանիքում ծնված ու ընտանեկան գործը շարունակող, Վերնաշեն գյուղի բնակիչը՝ 63-ամյա Ժիրայր Մինասյանը:
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) տարիներ առաջ գտել են մարդ-վայրի բնություն հակասությունը մեղմելու լավագույն տարբերակը: Բնության նկատմամբ ամենօրյա հոգածությանն ավելացել են արդի տեխնոլոգիաների կիրառմամբ աշխատող «էլեկտրական հովիվները»: Ավելի քան 17 տարի Հայաստանի տարբեր մարզերում բնապահպանական կարևոր և լուրջ ծրագրեր ծավալող գործընկերները Վայոց ձորում «էլեկտրական հովիվների» ներդրման առաջին ծրագիրն իրականացրել են 2020 թվականին: Ֆերմերային այն տնտեսությունները, որոնք օգտվել են արևային էներգիայով սնուցվող «հովվի» ծառայությունից, հետագա տարիներին արջերի ներխուժման դեպքեր չեն արձանագրել: Նրանց հաջողվել է բերքը պաշտպանել կենդանիներից՝ առանց վերջիններիս վնասելու: Իրականացված քայլերն ապացուցել են, որ դա է խնդրի լուծման հավասարակշռված մոտեցումը:
Վայոց ձորի մարզում այս տարի Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) աջակցությունից սկսել են օգտվել նոր ֆերմերներ: Գրեթե ալպիական համարվող գոտում, որտեղ բնությունն առատ նեկտար հավաքելու հրաշալի պայմաններ է ստեղծել, «էլեկտրական հովիվների» «խնամքին» են հանձնվել տասնյակ մեղվափեթակներ: «Էլեկտրական հովիվները» հատկապես հարմար են տարվա ընթացքում անընդհատ տեղափոխվող մեղվապահների և հեռավոր արոտավայրեր մեկնող ֆերմերների համար: Նվիրաբերված համակարգերն ունեն առավելություն. դրանք հեշտությամբ տեղափոխվում են, ապահովում են լոկալ աշխատանք, 10-15 րոպեի ընթացքում թույլ են տալիս ցանկապատել անհրաժեշտ տարածքը և ապամոնտաժվում են կարճ ժամանակահատվածում: 2020 թվականին տրամադրված համակարգերով ֆերմերները կարողանում են ցանկապատել 7500 քմ, իսկ այս տարվա համակարգերով՝ 1 հա (հեկտար) տարածք:
Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին: Համակարգը բաղկացած է արևային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, էլեկտրական ցանկապատի գեներատորից և հեշտ մոնտաժվող և ապամոնտաժվող ցանկապատից: Չորս տարի առաջ տրամադրված համակարգն ունի 300 գծամետր ցանկապատելու հնարավորություն, իսկ այս տարվանը՝ 400 գծամետր:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:
«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին
էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:
Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
FPWC-ի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։
Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։