Ամենայն հայոց կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Իրանի դեսպանի հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից։

Նորին Սրբությունն ի դեմս դեսպանի շնորհակալություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետությանը դժվարին այս ժամանակաշրջանում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:

Իր հերթին դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին ներկայացնելով Հայաստանում իր ծառայության տարիների արդյունքներն ու ձեռքբերումները, վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջև առկա ջերմ ու բարեկամական հարաբերությունները կշարունակեն առավել զորանալ ու արդյունավորվել:

Անդրադարձ կատարելով տարածաշրջանային իրավիճակին, դեսպանը կարևորել է հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը: Աբբաս Բադախշան Զոհուրին փաստել է նաև, որ Իրանի համար շատ կարևոր է ի դեմս Հայաստանի ունենալ հզոր և տնտեսապես զարգացած հարևանի:

Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև Իրանի հայ համայնքի հոգևոր կյանքին։

Վերջում Նորին Սրբությունը դեսպանին մաղթել է նորանոր հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Sputnik Արմենիա