«Իրավունք»․ ՄԱՐՏԻ 1-Ի ԳՈՐԾՈՎ ՏՈՒԺՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ՍԱՐԳԻՍ ՔԼՈՅԱՆԻ ԴՈՒՍՏՐԸ ՄԱՆԴԱՏ ԿՍՏԱՆԱ
«Մարտի 1»-ի գործով տուժող ճանաչված Սարգիս Քլոյանի դուստրը մանդատ կստանա։ Այս մասին գրում է «Իրավունք» թերթը։
Նա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում կփոխարինի կյանքից հեռացած պատգամավոր Վիգեն Խաչատրյանին։
Նշենք, որ հունիսի 21–ին հայտնի դարձավ, որ 72 տարեկան հասակում սրտամկանի ինֆարկտից մահացել է ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
«Թեպետ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի վերջին փոփոխությունները հարթ չեն, և առնվազն տեխնիկական առումով հարցեր են առաջացնում, քանի որ համապատասխան հոդվածում նախատեսված չէ պատգամավորի մահը՝ որպես նրա լիազորությունների դադարման հիմք, այդուհանդերձ, ակնհայտ է, շուտով ականատես կլինենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կկազմի պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն և մեկ շաբաթվա ընթացքում կուղարկի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից մանդատ կտան ՔՊ համամասնական ցուցակի հաջորդ համարին»,–գրում է թերթը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակը հուշում է, որ հերթը 93-րդ համարինն է՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Քլոյանինը:
«Նա «Մարտի 1»-ի գործով տուժած ճանաչված, տնով տեղով ՔՊ-ական դարձած Սարգիս Քլոյանի դուստրն է: Երևանի ավագանու 2018թ.-ի ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ներկայացված էր որպես աշխատանք չունեցող ՔՊ անդամ»,–գրում է թերթը:
Անուշ Քլոյանը 1998-2017թթ. աշխատել է Երևանի Գ.Գյուլբենկյանի անվան 190 ավագ դպրոցում՝ որպես մանկավարժ: Ավարտել է Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը»: