CNN․ Ուկրաինական հակահարձակումը չի արդարացնում Արևմուտքի սպասումները որևէ ճակատում
Վաղ փուլերում Ուկրաինայի հակահարձակումը ավելի քիչ հաջողություն ունի, իսկ ռուսական ուժերն ավելի շատ կոմպետենտություն են ցուցաբերում, քան ակնկալում էին արևմտյան փորձագետները, CNN-ին ասել են Արևմուտքի բարձրաստիճան զինվորական աղբյուրները:
«Հակահարձակումը ոչ մի ճակատում չի արդարացնում սպասելիքները», - ասել է աղբյուրներից մեկը:
Ըստ արևմտյան գնահատականների՝ ռուսական պաշտպանական գծերը լավ ամրացված են, ինչը դժվարացնում է ուկրաինական ուժերին դրանք ճեղքելը։ Բացի այդ, ռուսական զորքերը հաջողությամբ զսպում են ուկրաինական զրահատեխնիկան հրթիռային հարվածներով և ականներով, ինչպես նաև ավելի արդյունավետ են օգտագործում օդային ուժերը։
Ուկրաինական ուժերն ապացուցում են, որ «խոցելի» են ականապատ դաշտերի համար, մինչդեռ ռուսական ուժերը «կոմպետենտ» են դրանք պաշտպանելու հարցում, ասել է աղբյուրներից մեկը։
Աղբյուրները նախազգուշացրել են, սակայն, որ հակահարձակումը դեռ իր սկզբնական փուլում է, և որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները «պահպանում են լավատեսությունը», որ ուկրաինական ուժերը կարող են ժամանակի ընթացքում տարածքային նվաճումներ ունենալ: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները, ամենայն հավանականությամբ, կսպասեն առնվազն մինչև հուլիս, որպեսզի ստանան հակահարձակման ընթացքի ամբողջական գնահատականը, որը աստիճանաբար սկսվել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում և որոշիչ է համարվում հասկանալու համար, թե պատերազմում ի վերջո ով կհաղթի:
Բացի այդ, աղբյուրները նշում են, որ ուկրաինական զորքերը իրենք են հարմարվում ռուսական մարտավարությանը և պաշտպանությանը, այդ թվում՝ ավելի շատ գործողություններ իրականացնելով հետևակի կիրառմամբ։ Վերջին օրերին ուկրաինական ուժերն առավել հաջողությամբ են թիրախավորել և խոցել ռուսական ինքնաթիռները։
Ի վերջո, հակահարձակումը ծանր փորձություն է Ուկրաինայի և Ռուսաստանի համար, և որ երկու կողմերն էլ մեծ կորուստներ են կրում, ասել են աղբյուրները:
News.am