ՌԴ ԱԳՆ․ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը պայմանավորվածությունների խախտում է

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակումը խախտում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության դրույթները: Այս հայտարարությունն արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը բետոնե արգելապատնեշ է տեղադրել Լաչինի միջանցքում ու փակել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի մուտքը փակելու կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման գործողությունները Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում են։ Նման քայլերը հանգեցնում են լարվածության սրման, չեն նպաստում Ռուսաստանի աջակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ նորմալ մթնոլորտի պահպանմանը։ Բաքվին կոչ ենք անում ամբողջ ծավալով ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը», - ասվում է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում։

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով` ռուսական կողմը հույս ունի, որ Երևանը հետ չի կանգնի եռակողմ ձևաչափերով փոխգործակցությունից:

«Նրանց գործունեության դադարը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի իրադրության վրա և էսկալացիայի հանգեցնում «գետնի վրա»։ Կարևորում ենք գլխադասային հանձնաժողովի շրջանակներում հայ-ադրբեջանական սահմանազատման ռիթմիկ աշխատանքը։ Պատրաստ ենք ցուցաբերել անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն», - ընդգծել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ։

Զախարովան կրկնել է երկու կողմերին ուղղված կոչը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների անշեղ պահպանման կարևորության, զսպվածության և Լաչինի միջանցքի շրջանում անվտանգության ապահովման պատասխանատվությունը գիտակցելու մասին:

Ռուսական կողմը շարունակելու է Բաքվի և Երևանի հետ շփումներում իրավիճակը կարգավորելու ակտիվ ջանքերը։

Sputnik Արմենիա