ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՆ ԱՊՕՐԻՆԻ ԷՐ. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՄՈՏ 100 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ ՎՃԱՐԻ ՎԵՐՄԻՇՅԱՆԻՆ
ՀՀ վարչական վերաքննիչ դատարանն անվավեր է ճանաչել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու որոշումը և կառավարությանը պարտավորեցրել մոտ 100 միլիոն դրամ փոխհատուցում վճարել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Վերմիշյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Վերմիշյանը հիմա քրեակատարողական հիմնարկում է։ Նա 8 տարվա ազատազրկման է դատապարտվել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար։
Կոչուբաևը հիշեցրեց, որ երբ Վահագն Վերմիշյանը ձերբակալվեց, հենց առաջիկա կառավարության նիստում նրան պաշտոնից ազատելու որոշում կայացվեց։
«Մենք այդ որոշման դեմ հայց էինք ներկայացրել վարչական դատարան հենց 2020 թվականին։ Մերժվել էինք, դրանից հետո բողոքարկել էինք, և ահա այս տարվա հունիսի 16-ին վերաքննիչ դատարանն անվավեր, ապօրինի է ճանաչել կառավարության կայացրած որոշումը»,– ասաց պաշտպանը։
Քանի որ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր չէ, և, ըստ էության, հնարավորություն չկա նրան պաշտոնում վերականգնելու, կառավարությունը պետք է միջին աշխատավարձի քառապատիկի չափով փոխհատուցում վճարի։
«Պարզ է` կառավարությունը բողոքարկելու է այս որոշումը վճռաբեկ դատարանում, և մենք պատրաստ ենք դրան։ Բայց այնպես չէ, որ Վահագն Վերմիշյանը այդ գումարին սպասում է, ըստ էության, այս փուլում մեզ համար այս հաղթանակը կարևոր էր, սա բարոյական հաղթանակ էր»,– նշեց Կոչուբաևը։
Նրա խոսքով` կալանավորման այս ամբողջ ընթացքում զուգահեռ տարբեր գործընթացներ են ընթանում, և Վերմիշյանի պաշտպանական թիմն աշխատում է բոլոր ուղղություններով։
Կոչուբաևն անդրադարձավ նաև ապօրինի գույքի բռնագանձման հայցին, որով գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանից բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ։
«Դատախազության գործընկերներն անտեսել են, որ Վերմիշյանը 1991-ից 2019 թվականը չի եղել ՀՀ–ում, և բավականին խոշոր ճարտարապետական ընկերություններ է ունեցել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Շանհայում, Դուբայում, Սուդանում և այդ կապիտալով է Հայաստանում անշարժ գույքեր ձեռք բերել։ Բացի այդ, նա եղել է ՌԴ Օրյոլի մարզի գլխավոր ճարտարապետը»,– նշեց Կոչուբաևը։
Փաստաբանը հավելեց, որ դատախազությունը որպես ապօրինի գույք է դիտարկել նույնիսկ տատիկից ժառանգություն ստացած հողամասը։ Ընդ որում` Ստեփանավանում գտնվող 1000 քմ հողամասը գնահատվել է 44 միլիոն դրամ։
«Մեր հաշվարկներով` այս գումարը բավական է Լոռու մարզի բոլոր վարելահողերը գնելու համար»,– ասաց Կոչուբաևը։
Նա անդրադարձավ նաև Վերմիշյանի նկատմամբ կայացված 8 տարվա ազատազրկման դատավճռին։ Դատարանը վճիռը հրապարակեց այս տարվա հունիսի 7-ին։ Նրա խոսքով` դատավոր Մնացական Մարտիրոսյանը մինչ այս պահը որոշումը չի փոխանցել իրենց, որ կարողանան բողոքարկել այն։ Ըստ պաշտպանի` այս բոլոր հանգամանքների համադրումով հստակ է, որ ցուցում կա։
Թե ինչու է Վահագն Վերմիշյանը այսպես ասած քաղաքական հետապնդման ու հաշվեհարդարի թիրախում հայտնվել, մի քանի ուղղությամբ են մտածում։ Կոչուբաևը հիշեցրեց, որ ձերբակալման օրը Վերմիշյանը ծրագրել էր էկոնոմիկայի այն ժամանակվա նախարար Տիգրան Խաչատրյանի հետ անակնկալ ստուգայց կատարել ցեմենտի գործարան, քանի որ կասկածներ ուներ, թե ցեմենտի անվան տակ Իրանից Հայաստան մեծ քանակով թմրանյութ է ներկրվում։
«Ցեմենտը ներկրվում էր ինքնարժեքից ցածր գնով։ Բայց Վերմիշյանի աշխատասենյակը գաղտնալսվում էր, ու հետաքրքիր զուգադիպությամբ նախատեսված ստուգայցից ժամեր առաջ նա ձերբակալվեց»,– նշեց Կոչուբաևը։ Նա հիշեցրեց, որ վերջին «բանանային սկանդալի» ֆոնին ցեմենտի անվան տակ թմրանյութ ներկրելու տեսակետն ավելի է ամրապնդվում։
Ըստ փաստաբանի` մեկ այլ «հիմնավոր» պատճառ էլ կար Վերմիշյանին դաշտից չեզոքացնելու համար։
«Վերջերս Փաշինյանը խոսում էր Հայաստանը քարտեզագրելու մասին, այս խոսակցությունը շրջանառվում էր նաև այն փուլում, երբ պարոն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահն էր։ Այդ փուլում տենդերը պետք է փոխանցվեր իսրայելական մի ընկերության։ Վերմիշյանը դեմ էր արտահայտվել, քանի որ Իսրայելը բարեկամ պետություն չէ, եթե հենց այդ ընկերությունն ունենար Հայաստանի բոլոր կառույցների կոորդինատները, թուրքական «Բայրաքթարների» համար մեկ–երկու օր էր պետք»,– ասաց Կոչուբաևը։
Նրա խոսքով` երբ Գյումրիում` Թուրքիայի սահմանի մոտ, մաքսատուն էր կառուցվում, Վահագն Վերմիշյանը նաև դրան էր դեմ։ Նա հարց էր ուղղել` ինչի՞ համար է դա արվում, արդյոք Թուրքիայի հետ առևտրատնտեսական կապերի հեռանկարներ կան։ Ըստ Կոչուբաևի` 2019-ի հեռավորությունից Վահագն Վերմիշյանն արդեն կանխազգացել էր այսօր քարոզվող Թուրքիայի հետ բարեկամությունն ու դեմ էր դրան։
Ամփոփելով զրույցը` Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ չնայած բոլոր իրողություններին` իր պաշտպանյալի տրամադրությունը լավ է, և նրան այս ամենը չի կոտրել։