Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԿՏԻ ԿԵՐՊՈՎ ԽՈՉԸՆԴՈՏՈՒՄ ԵՆ «ՀԱՅԱՔՎԵԻ»-ԻՆ, ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉԵՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հունիսի 20-ին ԿԸՀ-ն գրնցել է «Հայաքվեի» նախաձեռնությունը՝ տալով նրան իրավականորեն պարտադիր բնույթ, սակայն գործող վարչակազմը հերթական անգամ որոշել է ի ցույց դնել իր անօրեն բնույթը՝ փորձելով այժմ էլ խափանել ժողովրդի հիմնարար իրավունքը՝ հանրաքվեի միջոցով իրացնելու իր իշխանությունը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:

 

«Մասնավորապես, Երևանի վարչական շրջանների մի շարք ղեակավարներ հղում անելով Երևանի քաղաքապետի ապօրինի պաշտոնակատար ոմն Լևոն Հովհաննիսյանի վրա, իրենց պաշտոնական նամակներով անցած շաբաթվա ընթացքում հրաժարվել են տարածքներ տրամադրել ստորագրահավաքի համար: Թեև դա «Հանրաքվեի մասին» օրենքի իմպերատիվ պահանջ է և իրենց սահմանադրական պարտականությունն է:

Փաստորեն, մի կողմից բռնապետ Ալիևը բռնանում է արցախցիների հիմնարար իրավունքների վրա, մյուս կողմից նրա քաղաքակիրթ գործընկեր Փաշինյանը իօր դրածոների միջոցով Երևանի բնակիչների օրինական, հիմնարար իրավունքների վրա: Ուստի մենք գործ ունենք հայ ժողովրդի նկատմամբ թե արտաքին, թե ներքին թշնամական գործողությունների հետ»,-ասաց նա:

Չալաբյանը համոզմունք հայտնեց, որ ժողովուրդը պատրաստ է պայքարել դրա դեմ իր քվեով. «Գործող վարչակարգը գիտակցելով դա, փորձում է զրկել մեզ՝ հայերիս, սեփական որոշումը օրենքի տեսքով ամրագրելուց: Բոլոր այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք փորձում են բռնանալ հայ ժողովրդի անքակտելի իրավունքների վրա, մեր նախաձեռնող խմբի կողմից արդեն գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում հանցագործության մասին:

Ակնհայտ է, որ սա իրականացվում է կազմակերպված խմբի միջոցով, որն ապօրինի զավթել է իշխանությունը Երևանում և որևէ կերպ չի ներկայացնում Երևանի բնակչությունը: Այն ընտրված չէ, նշանակված է և մինչև հիմա տեղի չեն ունեցել ընտրություններ, որով պետք է քաղաքային իշխանություն ձևավորվի:

Հանրաքվեի մասին օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է, որ այդ նպատակով ստորագրահավաքն իրականացվում է ՏԻՄ մարմինների տարածքում, որոնք պարտավոր են տարածք տրամադրել:

Լկտի կերպով խոչընդոտելով Հայաքվեին, այս վարչակարգը այն անխուսափելիորեն դարձնում է քաղաքական գործընթաց՝ դրանով ի ցույց դնելով իր վախերը, քանի որ այս վարչակարգը չի սպասում, որ օրինագիծը մտնի ԱԺ և դրվի քվեարկության, քանի որ ակնհայտ մտավախություն ունի, որ ԱԺ-ն ևս կարող է կողմ քվեարկել օրինագծին:

Գուցե ստորագրահավաքը խոչընդոտելու դրդապատճառներից մեկն էլ այն է, որ նրանք նույնիսկ վստահ չեն իրենց պատգամավորների քվեարկության հարցում, գուցե վախենում են, որ սեփական պատգամավորների մի մասը վերջապես ճամբարափոխ լինի և անցնի ժողովրդի կողմը»,-հայտարարեց Չալաբյանը:

Նա ընդգծեց, որ իրենք մինչև վերջ շարունակելու են այս վարչակարգի դեմ պայքարել օրինական ճանապարհներով. «Սակայն մեր համբերությունը ևս անսահման չէ: Կոչ ենք անում այս վարչակարգին և Երևանի քաղաքապետարանի իր ժամանակավոր դրածոներին վերադառնալ օրինականության դաշտ, վերացնել քաղաքացիների հիմնարար իրավունքները սահմանափակով բոլոր ապօրինի խոչընդոտները և անխափան ընթացք ապահովել «Հայաքվեի» համար: Հակառակ դեպքում մենք ի վերջո կգտնենք օրինական և սահմանադրական միջոցներ վերջ դնելու Երևանի քաղաքապետարանին տիրացած ապօրինի խմբակի և նրա քաղաքական շահառուների կամայականություններին՝ վերականգնելու սահմանադրական կարգը և ժողովրդի լիարժեք իշխանությունը մեր երկրում»,-ասաց նա:

Ավելի վաղ News.am-ը հայտնել է, որ «Հայաքվե» նախաձեռնությունը հանդես է գալիս օրենսդրությունը փոխելու առաջարկությամբ՝ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշումից հրաժարվելու և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնելու համար խիստ պատիժ նախատեսելու համար։ Դրանով ծանր պատիժ է նախատեսվում Հայաստանի Հանրապետության անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող և Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների համար։

Նախաձեռնողները հիմք են ընդունում ՀՀ Անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Գերագույն Խորհրդի՝ 1992թ հուլիսի 8-ի որոշումը։

ԿԸՀ-ի կողմից դրական պատասխանից հետո սահմանվում է 60-օրյա ժամկետ՝ 2023 թվականի հունիսի 21-ից օգոստոսի 19-ը, քվեարկություն-ստորագրահավաքը կազմակերպելու համար (50 հազար ստորագրություն)։

Դրանից հետո կդիմեն ԿԸՀ, որտեղ կհաստատվի ստորագրությունների վավերականությունը, հետո կդիմեն արդեն Ազգային ժողով։

News.am