Սաղաթելյան. Միջազգային հանրությունից մենք պահանջում ենք վերջ դնել երկակի ստանդարտներին
«ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկրների դեսպանատների, ԵՄ գրասենյակի դիմաց նստացույցի նպատակը մեկն է. մենք պահանջում ենք վերջ դնել երկակի ստանդարտներին։ Արցախը գտնվում է հումանիտար ճգնաժամի, էթնիկ զտման, ցեղասպանության առջև»,-ԵՄ գրասենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա ընդգծեց՝ ստեղծված իրավիճակում միջազգային հանրությունն ընդամենը բավարարվում է հայտարարություններ անելով, երբեմն բանաձևեր ընդունելով։
«Բայց փաստն այն է, որ Արցախը շարունակում է մնալ շրջափակված։ Մեր նպատակն է բողոքի ձայնը բարձրացնել, պահանջներ ներկայացնել»,-ասաց Սաղաթելյանը։
Նա նշեց՝ կարևորում են ռուս խաղաղապահների դերն ու առաքելությունն Արցախում։
«Պետք է քննարկվի նաև նրանց առաքելության երկարացման հարցը։ Բայց այսքանով հանդերձ, մենք ունենք հստակ պահանջներ, քանի որ ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունն է նաև ապահովել Լաչինի միջանցքի անխափան ընթացքը։ Այս իմաստով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երեք երկրներից մենք ունենք ակնկալիքներ»,-ասաց նա։
Panorama.am