«Դուք փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը»․ Պուտինը դիմել է ուժայիններին

ՌԴ նախագահի խոսքով` զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ունեցան զինված ապստամբությունը ճնշելու գործում:

Զինծառայողները, որոնք մասնակցեցին ապստամբության ճնշմանը, փաստացի կասեցրին քաղաքացիական պատերազմը Ռուսաստանում։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարության, Ռոսգվարդիայի, անվտանգության դաշնային ծառայության, ներքին գործերի նախարարության և պահպանության դաշնային ծառայության այն ստորաբաժանումներինհղած ուղերձում, որոնք մասնակցել են հունիսի 24-ին ապստամբության փորձի կանխմանը։

«Դուք պաշտպանեցիք սահմանադրական կարգը, մեր քաղաքացիների կյանքը, անվտանգությունն ու ազատությունը։ Մեր հայրենիքը զերծ պահեցիք ցնցումներից, փաստացի կասեցրիք քաղաքացիական պատերազմը։ Բարդ իրավիճակում դուք գործեցիք հստակ, համակարգված, գործով ապացուցեցիք ձեր հավատարմությունը Ռուսաստանի ժողովրդին և զինվորական երդմանը, ցուցաբերեցիք հայրենիքի ճակատագրի և նրա ապագայի նկատմամբ պատասխանատվություն» - ասել է Պուտինը՝ դիմելով ուժայիններին։

Նա ընդգծել է, որ զինծառայողների վճռականությունն ու խիզախությունը, ինչպես նաև հասարակության համախմբումը վճռորոշ դեր ունեցան զինված ապստամբությունը ճնշելու գործում:

Պուտինի խոսքով` մարդիկ, որոնց ներքաշել էին ապստամբության մեջ, տեսան, որ բանակն ու ժողովուրդն իրենց հետ չեն։ Ուժային կառույցների ստորաբաժանումների արագ և հստակ տեղակայումը թույլ տվեց կանխել երկրում իրավիճակի ծայրահեղ վտանգավոր զարգացումը։

Ըստ Պուտինի` Ռոսգվարդիայի, ԱԴԾ-ի, ՆԳՆ-ի, ՊԴԾ-ի աշխատակիցները, որոնք մասնակցեցին ապստամբության ճնշմանը, իսկական պաշտպաններ են, բարդ ժամանակներում նրանք փակեցին իրարանցման ճանապարհը, որի հետևանքը կլիներ քաոսը:

Նախագահն ավելացրել է, որ Ռուսաստանը ապստամբության փորձի պատճառով ստիպված չեղավ ռազմական ստորաբաժանումները հանել հատուկ ռազմական գործողության գոտուց:

«Պաշտպանության նախարարության ստորաբաժանումները, ռոսգվարդիականները և ՆԳՆ-ի և հատուկ ծառայությունների աշխատակիցներն ապահովեցին կառավարման կարևորագույն կենտրոնների հուսալի աշխատանքը, ռազմավարական, այդ թվում՝ պաշտպանական օբյեկտների, սահմանամերձ շրջանների անվտանգությունը, այդ պահին ռազմաճակատում հերոսաբար պայքարող մեր զինված ուժերի թիկունքի ամրությունը։ Մենք ստիպված չեղանք մարտական ստորաբաժանումները դուրս բերել ռազմական հատուկ գործողության գոտուց»,- ընդգծել է Պուտինը։

Sputnik Արմենիա