Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՔԱՆԻ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ ՉԻ ԱՐՁԱԳԱՆՔԵԼ, ՆՇԱՆԱԿՈՒՄ Է՝ ԿԻՍՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՍԱԾ ՄՏՔԵՐԸ

44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի այսօրվա նիստը համեմված էր բազմաթիվ իրավիճակային խեղաթյուրումներով և անհիմն որակումներով՝ ուղղված անձանց, որոնց հետ կապված կան քրեական գործեր, բայց չկան դատավճիռներ: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությանը:

«Այսօրվա հայտարարությունները նաև ուղղորդիչ էին դատաիրավական համակարգի համար: Նախանշվում է այն վեկտորները, նաև մեղավորության այն աստիճանը, և կոնկրետ անձինք, ում համար նախատեսված է կոնկրետ մեղավորություն ու դրա չափը: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը մեկն է՝ իրեն այս ծանր հանցագործություններից դուրս մղելու ճանապարհին զոհաբերել բոլոր նրան, ում հնարավոր է ու անհրաժեշտ է: Այն չակերտավոր փաստարկները, որոնք փորձում էր բերել, ցույց տալ օրինակ՝ իր անիրազեկ լինելը, թե տեղի է ունեցել ծանր հանցագործություններ: Այս մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր կարծես՝ դիտորդի կարգավիճակով, որովհետև եթե դու երկրում քաղաքական առաջնորդություն ես ստանձնել և, ըստ էության, որոշումների հիմնական կայացնողն ես, ապա պարտավոր ես ցանկացած հանգրվանային փուլում ունենալ բազմակողմանի տեղեկություններ՝ ԳՇ-ով, ԱՀ ՊԲ-ով, ԱՀ նախագահով, ԱԱԾ-ի համապատասխան խողովակներով և այլն»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանին դատարանում դատախազները, քննիչները, դատավորները պետք է հարցեր ուղղեն. «Սա պետք է տեղի ունենա այն իրավիճակում, երբ Հայաստանում տեղի կունենան քաղաքական փոփոխություններ»:

Անդրադառնալով իշխանության կողմից վերջին շրջանում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նկատմամբ համակրանքին՝ պատգամավորն ասաց.

«Քանի Օնիկ Գասպարյանը չի արձագանքել, նշանակում է՝ կիսում է Փաշինյանի ասած մտքերը: Կարծում եմ՝ զինվորականները եթե իրականում այդ ծանր հանցագործությունը չեն կիսել Նիկոլ Փաշինյանի հետ, ապա պետք է խոսեին, իսկ եթե մինչև այս պահը չեն խոսել և նրանց մասին և այդ հայտարարությունները այլ անձինք են ներկայացնում, դրա մասին արդեն Օնիկ Գասպայանը կմտածի: Եվ պետք է մտածեն այն զինվորականները, որոնց փոխարեն և անունից խոսում է Անդրանիկ Քոչարյանը»:

News.am