Արցախի ԱԺ-ում քննարկում են հայտարարության նախագիծ հրադադարի խախտումների վերաբերյալ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Արցախի ԱԺ-ն այսօր՝ հունիսի 28-ի իր հերթական նիստում ի թիվս օրակարգում ընդգրկված այլ հարցերի քննարկում է ԱԺ հայտարարության նախագիծխը, որը վերաբերում է հրադադարի խախտումներին:

 

Մինչ այդ, ԱԺ նախգահ Արթուր Թովմասյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով.

«2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ողբերգական ընթացք ստացավ մարտի 5-ին և հունիսի 28-ին: Հունիսի 28-ին, ժամը 1.30-ից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից և ԱԹՍ-ներից կրակ են բացել Մարտակերտի և Մարտունու հայկական դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով հայկական կողմը ունի 4 զոհ: Հավերժ փառք Հայաստանի և Արցախի սահմանները պաշտպանելու ժամանակ իրենց կյանքը զոհած հայորդիներին:

Ադրբեջանը ոչ միայն կանխամտածված սովամահ է անում Արցախի բնակչությանը, այլև նրան հասցրել է բնաջնջման եզրին: Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է: Դա մեր կարմիր գիծն է, որը ոչ ոք իրավունք չունի խախտելու:

ԵԱՀԿ համանախագահները և այդ երկրների առաջնորդները պետք է հասկանան, որ մեր երկրի բռնակցումն Ադրբեջանին կբերի Արցախի հայաթափմանն ու ոչնչացմանը: Մենք չենք կարող փոխել աշխարհի կարգը , փոքրի Արցախն իրենից վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է մեր ժողովրդի անվտանգ ու լիարժեք ապրելու իրվունքը: Ցավալի է, որ այդ ամենը տեղի է ունենում միջազգային հանրության լուռ համաձայնությամբ:

Բարձր եմ գնահատում ԵԽԽՎ-ի՝ «Լաչինի միջանցքով ազատ ու անվտանգ մուտքի ապահովումը» խորագրով բանաձևը, ԱՄՆ Կոնգրեսում ԼՂ ժողովորդի իրավունքների ու անվտանգության վերաբերյալ հայտարարությունները, Ֆրանսիա-Արցախ բարեկամական շրջանակի՝ «խոսքից պետք է անցնել գործի» հայտարարությունը:

Կարծում եմ՝ քաղաքակիրթ աշխարհն ունի բոլոր լծակները համապատասխան պատժամիջոցներ կիրառելու Ադրբեջանի ռեժիմի դեմ, քանզի Ադրբեջանը ոչ միայն արհամարհում, այլև ոտնահարում է ՄԻԵԴ-ի Արդարադատության միջազգային դատարանների որոշումները»:

News.am