Արթուր Հարությունյան․ Արցախահայության շահերի հաշվին բավարարվում են Բաքվի նկրտումները
Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները. Կիրառելով ականանետեր և ԱԹՍ-ներ գիշերը Մարտունու և Մարտակերտի դիրքերի ուղղությամբ իրականացրել է ահաբեկչական գործողություններ, որի հետևանքով ունեցել ենք անդառնալի մարդկային կորուստներ: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, Արցախի ԱԺ-ում հայտարարեց Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը:
Նա մասնավորապես, նշեց. «Լիակատար շրջափակումը, ուժի սպառնալիքի միջոցով Արցախն առանց հայերի թողնելու Բաքվի իշխանությունների հետևողական քաղաքականությունը և ժամանակ առ ժամանակ ուժի կիրառումը ապացուցում են Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու վերջնանպատակի գոյությունը:
Ամերիկյան միջնորդությամբ բանակցային գործընթացին և խաղաղությանը պատրաստվելու ադրբեջանական դիվանագիտական կորպուսի հռետորաբանությանը զուգահեռ Արցախում իրականացնում է ռազմական ագրեսիա, որն էլ, ինչպես տեսնում ենք, արվում է տարածաշրջանը լարված պահելու, արցախյան հիմնահարցը հայաթափման միջոցով լուծելու հստակ նպատակով և քայլերի տրամաբանական հաջորդականությամբ:
Ցավոք սրտի, քաղաքական այս օրակարգի դեմ հակամարտության լուծմամբ զբաղվող միջնորդ կողմերը ոչ մի առարկայական քայլեր չեն ձեռնարկում հարցին վերջնական և արդարացի լուծում տալու համար: Հայտարարություններից զատ չկա ոչ մի պատժամիջոց, առարկայական քաղաքական քայլ, որը կզսպի Ադրբեջանի ահաբեկչական քաղաքականությունը: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը շարունակում է ամենաթողության մթնոլորտում իրականացնել իր դավադիր ծրագիրը:
Սրա հիմնական պատճառն, իհարկե, Ադրբեջանի էներգառեսուրսների մասով գոյություն ունեցող պայմանագրերն են, դրանցից կախվածությունն ու մեր թշնամու կողմից այս գործոնի օգտագործման փորձերը: Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ արցախահայության կենսական իրավունքների , այդ թվում ինքնորոշման իրավունքի զիջման հաշվին փորձ է արվում բավարարել Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կեղծ խաղաղություն հաստատել տարածաշրջանում:
Միջազգային դերակատարների դեպքում գուցեև Արցախի ժողովրդի ճակատագիրը կարելի է երկրորդել Ադրբեջանի հետ ունեցած պայմանավորվածություններն, բայց որ հարցի լուծում այդ ճանապարհով հնարավոր չէ ստանալ, դա նույնպես փաստ է: Արցախն առանց հայերի թողնելու քաղաքական մտադրությունը ի սկզբանե դատապարտված է ձախողման: Նման պատճառով ոչ միայն չի լինելու խաղաղության, այլև տարածաշրջանը մուտք է գործելու նոր էսկալացիայի և բախումների շրջան՝ իր կանխատեսելի հետևանքներով և արդյունքներով, որից կարող են տուժել նաև մեր հաշվին զիջումների պատրաստ միջազգային դերակատարները»:
News.am